Մատչելիության հղումներ

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, ձերբակալվել է 6 անձ. ՔԿ


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք, ձերբակալվել է 6 անձ։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ երեկ Երևանի Հալաբյան-Արզումանյան խաչմերուկի մոտից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել 4 անձ, որոնցից 3-ը՝ օտարերկրացի։ «Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակներում գտնվող 6 հատ 0.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված թափանցիկ հեղուկով, 1 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով, 1 հատ 1.5 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված անգույն հեղուկով և 2 հատ 1 լիտր տարողությամբ պլաստմասե տարա՝ լցված մուգ գույն հեղուկով», - ասված է հաղորդագրությունում: Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, «հայտնաբերվել են փաթեթներ, որոնցից 1-ին փաթեթում եղել է դարչնագույն փոշենման զանգված, որի կշիռը կազմել է փաթեթի հետ մեկտեղ 1.83 գրամ, 2-րդում՝ 5.17 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգված, 3-րդում՝ 6.83 գրամ քաշով սև գույնի կոշտ զանգված, 4-րդում՝ 3.32 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, 5-րդում՝ 0.68 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված, իսկ 6-րդում՝ 11.48 գրամ և 15.21 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված և չորացված զանգված: Բերման ենթարկված երկրորդ օտարերկրացու մոտ հայտնաբերվել է ապակե տարայով, ընդհանուրը՝ 85.27 գրամ քաշով անգույն, հոտավետ հեղուկ»։

«Նրանց հայտարարության համաձայն՝ հայտնաբերվածը հանդիսանում է «Հերոին», «Ափիոն», «Մարիխուանա» և «Կրիստալ» տեսակի թմրամիջոցներ, «Կրիստալի ջուր», «Մեթադոնի սիրոպ», որոնք Հայաստան են տեղափոխվել ԻԻՀ-ից՝ իրացնելու նպատակով՝ 2018 թվականի հուլիսի 6-ին», - ասված է հաղորդագրությունում: Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։

Ձերբակալվել է երեք օտարերկրացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կասկածանքով, ևս երեք Հայաստանի քաղաքացի՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձ կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG