Մատչելիության հղումներ

«Հանրային ռեսուրսը սեփական շահի համար օգտագործող ցանկացած անձ պետք է պատասխան տա». Արարատ Միրզոյան


Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան, արխիվ

Հանրային ռեսուրսները սեփական շահի համար օգտագործող ցանկացած անձ պետք է պատասխան տա՝ որ կուսակցության ներկայացուցիչ էլ, որ լինի, այսպես արձագանեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այն դիտարկմանը, թե Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործողությունները նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից որակվել են որպես «միտում պարունակող գործողություններ»:

«Բացահայտվում են գողոններ, թալաններ՝ բազմաթիվ միլիոնների, մարդկանց կողմից, ովքեր եղել են նախկին իշխանության ներկայացուցիչ և հիմնականում այնպես է ստացվել, որ Հանրապետական կուսակցության ղեկավար անձինք։ Հիմա Հանրապետական կուսակցությունը ո՞նց կներկայացնի, կասի... սա վիճակագրությունն է ուղղակի էդպիսին, որ էն մարդիկ, ովքեր թալանել են, ստացվում է, որ պաշտոնյաներ են եղել, կամ ՀՀԿ-ականներ են եղել։ Մենք մեղավո՞ր ենք դրանում, թող չլինեին, հիմա կարող է վաղը ձերբակալվի ինչ-որ ՔՊ-ական, որն ինչ-որ տենց թալան է ունեցել, բայց մի քիչ կասկածում եմ, որովհետև տենց ռեսուրսներ չի ունեցել և ՔՊ-ականները, որպես կանոն, տենց բաների մասնակից չեն», - ասաց Միրզոյանը։

Հարցին, թե ՔՊ-ականների մոտ նման ստուգումներ կլինե՞ն, առաջին փոխվարչապետը պատասխանեց. - «Ինչու չէ, որևէ մեկն, ով որ կանցնի էդ գիծն ու հանրային ռեսուրսներն ի չարս, կամ սեփական շահի համար կօգտագործի, ապա պետք է պատասխան տա, որ կուսակցությունից որ ուզում է լինի»։

Թե որքան գումար է բյուջե վերադարձվել Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության բացահայտումների արդյունքում, առաջին փոխվարչապետը դեռ հստակ թիվ չի հրապարակում, քանի որ այն անընդհատ փոփոխությունների է ենթարկվում։

Իսկ հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ բյուջե հետ բերված գումարներով կարող են արտաքին պարտքը փակել, Միրզոյանը պատասխանեց. - «Արտաքին պարտքը փակել գողոնի հետբերմամբ կարծում եմ իրատեսական գնահատական չէ։ Շատ հաջող կատակ է, բայց պետք է սթափ գնահատել, նպատակակետը պետք է սթափ դնել»։

Առաջին փոխվարչապետն ասաց նաև՝ շատ են այլազգի գործարարները, ովքեր պատրաստվում են խոշոր ներդրումներ անել Հայաստանում։

Արարատ Միրզոյանը և մի շարք այլ պաշտոնյաներ երեկ երեկոյան՝ Սահմանադրության օրը, Մաշտոցի պուրակում մասնակցում էին «Հեղափոխության դեմքերն ու դեպքերը» խորագրով ցուցահանդեսին։

Դավիթ Սանասարյան, արխիվ
Դավիթ Սանասարյան, արխիվ

Ցուցահանդեսին ներկա էր նաև Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով «Ազատության»-ը վստահեցրեց՝ լուրջ աշխատանք է տարվում և, որ բոլոր ոլորտներն իրենց ուշադրության կենտրոնում են։

Սանասարյանը՝ ողջունելով Ազգային անվտանգության ծառայության աշխատանքը՝ ընդգծեց․ - «Մենք ունենք պայմանավորվածություն և՛ ԱԱԾ-ի, և՛ ոստիկանության հետ, որ իրար լրացնելով, իրար հետ համագործակցելով, ուսումնասիրության ավարտին կլինեն պահեր, որոնք որ ուժային մարմինները, իրավապահ մարմինները պետք է իրականացնեն, դա մեր գործառույթների մեջ չի մտնում, և իրար օգնելով մենք Հայաստանում վերացնելու ենք կոռուպցիան, կամ գոնե նվազագույնի ենք հասցնելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG