Մատչելիության հղումներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, նրա շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանի փոխանցմամբ, չի ընդունում հիմնադրամից յուրացումներ կատարելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքը:

Փաստաբանի պնդմամբ՝ Վարդանյանին պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան․ - «Պաշտպանության կողմը այն կարծիքին է, որ հանցակազմ Արա Վարդանյանի գործուղություններում չկա, ուստի պատասխանատվության էլ չի կարող ենթարկվել: Առաջին հերթին միայն այն բանի համար, որ որևէ վնաս որևէ կազմակերպության իր գործողություններով ինքը չի հասցրել»:

Շուրջ 10 տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամը ղեկավարած Արա Վարդանյանը Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվեց 2 օր առաջ:

ԱԱԾ-ն հաղորդեց, որ փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:

Վարդանյանի շահերի պաշտպանի պնդմամբ՝ հիմնադրամի գումարների որևէ շարժ չի եղել․ - «Հիմնադրամների գումարներից որևէ խաղադրույք չի կատարվել: Վարկային գիծ ունի հիմնադրամը կոնկրետ բանկերից մեկում, և կա կրեդիտ քարտ: Քարտի միջոցով վճարումները կատարվել է, որից հետո կանխիկ վերադարձվել է տեղը: Հիմնադրամի հավաքագրված գումարների հետ որևէ առնչություն չկա և չէր էլ կարող լինել»:

Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ, միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 մլն դրամ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահ է, որ անձնական նպատակներով հիմնադրամի միջոցներն օգտագործելն ու վերադարձնելը չի կարող թույլատրելի լինել․ - «Ես հիմա հիմնադրամի գումարները վերցնեմ, իմ անունով ավանդ դնեմ, այնուհետև էդ ավանդից ինչ-որ շահ ստանամ, հետո մայր գումարը վերադարձնեմ ու դա համարեմ օրինակա՞ն: Դա նշանակում է հիմնադրամի միջոցների ապօրինի օգտագործում՝ պաշտոնեական դիրքի չարաշահումով»:

Սաքունցը տարիներ շարունակ կոչ էր անում գումարներ չփոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Պատճառը, ըստ նրա, նախկին իշխանությունների կոռումպացվածությունն էր, ինչպես նաև ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հիմնադրած «Լինսի» հիմնադրամի նվիրատվությունները «մսխելու» փորձը․ - «Կասկածները կոնկրետ առաջ եկան «Լինսի» հիմնադրամի հետ կապված կասկածելի գործարքների, այնուհետև «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորման դադարեցման հետ կապված: Որովհետև ի՞նչ տարբերություն՝ «Լինսի» հիմնադրամ թե «Հայաստան» հիմնադրամ: Ուղղակի «Լինսի» հիմնադրամի դեպքում շատ ավելի ակնառու էր, նյութերը շատ ավելի հստակ էին ներկայացվում արդյունավետության, կոռուպցիոն ռիսկերի և այլն: «Հայաստան» հիմնադրամի դեպքում ընդհանրապես որևէ ինֆորմացիա չկար: Այսինքն, որտեղ կա ավելի շատ գաղտնիություն, կամ ոչ թափանցիկություն կամ ոչ հաշվետվողականություն, բնականաբար այնտեղ նման իշխանության պարագայում կոռուպցիոն ռիսկերը շատ ավելի մեծ են: Եվ եթե «Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված տարբեր ներդրումները կամ դրա միջոցներով կառուցված շենքերը, շինությունները գնան ստուգեն, վստահաբար կոռուպցիոն պատկերը շատ ավելի հստակ կլինի»:

1992-ին ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում ի պաշտոնե ներգրավված են Հայաստանի իշխանության, ինչպես նաև սփյուռքյան նշանավոր կառույցների ներկայացուցիչները:

Ավելի քան մեկ ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոգաբարձուների խորհրդի նիստին ընդգծել էր հիմնադրամի կարևորությունը․ - «Կարծում եմ, «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ

Հեռուստամարաթոնների ու այլ միջոցներով հիմնականում սփյուռքից ստացված նվիրատվություններով հիմնադրամը Հայաստանում ու Ղարաբաղում իրականացնում է ճանապարհների, դպրոցների շինարարություն ու սոցիալական այլ ծրագրեր: Ըստ հաշվետվության՝ հիմնադրամը միայն նախորդ տարի իրականացրել է ավելի քան 5 միլիարդ 700 միլիոն դրամի ծախս:

XS
SM
MD
LG