Մատչելիության հղումներ

«Քննությունը կպարզի՝ Վարդանյանը վերադարձրե՞լ է գումարները հիմնադրամ, թե՞՝ ոչ». ԱԱԾ տնօրեն


Արա Վարդանյան, արխիվ

Դեռևս հստակ չէ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը վերադարձրե՞լ է գումարները հիմնադրամ, թե՞՝ ոչ, դա պարզ կլինի քննությունից հետո, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Իր հայտարարությամբ՝ ինքը վերադարձրել է, բայց մենք հիմա քննությունը կիրականացնենք, պարզ կլինի, ես այս պահին չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել, ունենք հստակ, որ մոտ 130 միլիոն դրամ հանել է և խաղացել է կազինոներում և այլն», - ասաց Վանեցյանը։

Դիտարկմանը, թե վարկային գիծն առավելագույնը 25 միլիոնի էր, ԱԱԾ պետը պատասխանեց. - «Հա, բայց մի քանի անգամ է հանել»։

Այն փաստը, որ Վարդանյանն օգտվել է այդ վարկային գծից, ըստ Վանեցյանի, արդեն քրեորեն պատժելի է։

Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը ձերբակալվեց երեկ: Ըստ ԱԱԾ-ի, նա բերման էր ենթարկվել «հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով»։

ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն, «Վարդանյանը խոստովանել է, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն: Ըստ իր խոսքերի, վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը ետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետ՝ անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն, դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը»:

Ըստ ԱԱԾ-ի, միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-2018 թվականներ ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 միլիոն դրամ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ՝ հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաև հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG