Մատչելիության հղումներ

ԿԳ փոխնախարար․ Հայկ Դեմոյանին մենք աշխատանքից չենք ազատել


Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյան:

«Ֆեյսբուքյան ասուլիսում» հաղորդաշարի հերթական թողարկմանը օգտատերերի հարցերին պատասխանել է Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հովհաննիսյանի պնդմամբ, աշխատանքից չի ազատվել․ - «Հայկ Դեմոյանին մենք աշխատանքից չենք ազատել, որովհետև աշխատանքից ազատում ես մարդուն, ով պաշտոն ունի: Նա եղել է ինստիտուտի տնօրենը, հետո տնօրենի պաշտոնակատար, հետո առանց դիմում գրելու ակադեմիայի նախագահի անունով, որ ինքը պարտավոր էր անել, նա գնացել է Միացյալ Նահանգներ, ուսանել է էնտեղ: Եվ իր գնալուց հետո թանգարանը կանգնել է խնդիրների առաջ՝ աշխատավարձ, տարբեր հարցեր․․․ Ընդհանրապես ակադեմիան պետք է այդ պարագայում աշխատանքից հեռացներ: Որևէ մեկին, կապ չունի դա Հայկ Դեմոյանն է, որովհետև կա աշխատանքային պայմանագիր, և երբ որ մարդը խախտում է․․․ այնինչ իրենք ձևակերպում են արձակուրդ և Սուրեն Մանուկյանին հանձնում տնօրենի պարտականությունները: Հետագայում Սուրեն Մանուկյանի հրապարակած նյութով հստակ երևաց, որ նա չի հավակնում և չի էլ հավակնել: Բարձիթողի վիճակ ամբողջությամբ, որևէ մեկի կողմից չէր ղեկավարվում: Դրանից հետո պարոն Դեմոյանը վերադառնում է Միացյալ Նահանգներից և իրեն հռչակում տնօրեն»:

Արձագանքելով Դեմոյանի պնդմանը, թե նախարարն ու փոխնախարարը ներխուժել են իր աշխատասենյակ՝ Հովհաննիսյանն ասաց․ - «Մենք չէինք կարող ներխուժել մի տեղ, որը իրեն չի պատկանում: Թանգարան-ինստիտուտի լիազոր մարմինը Կրթության և գիտության նախարարությունն է, մենք նամակ ենք ստացել թանգարան-ինստիտուտի աշխատակիցների անունից, որոնք խնդրել են հանդիպել նախարարի հետ: Մենք գնացել ենք հանդիպման, տեսել ենք այդ սենյակը բաց է․․․ ե որևէ սենյակ, որ նախարարը ցանկանար տեսնել, նա ազատ մուտք ուներ: Մտել ենք էնտեղ ընդունել ենք երկու փոխտնօրեններին, խոսել ենք նրանց հետ, որից հետո նիստերի դահլիճում հանդիպել ենք աշխատակազմին: Եվ որևէ մտահոգիչ հարց այդ հանդիպման ժամանակ չի բարձրացվել»:

«Ֆեյսբուքյան» ասուլիսն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

XS
SM
MD
LG