Մատչելիության հղումներ

Նարինե Մարգարյանն ընտրվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար


Նարինե Մարգարյան, Երևան, 3-ը հուլիսի, 2018 թ․

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը տնօրեն կունենա մոտ 2 ամսից, մինչ այդ ինստիտուտի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը։

Հիշեցնենք՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնը թափուր է դեռ 2017 թվականի փետրվարից, երբ լրացավ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի պաշտոնավարման ժամկետը։ Ըստ կրթության ու գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի, այս նշանակումը 2 ամիս ժամկետով է, «մինչև համապատասխան ընթացակարգով կհայտարարվի տնօրենի թափուր հաստիքի համար մրցույթ և հոգաբարձուների խորհուրդը կընտրի տնօրեն»։

ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի այսօր կայացած նիստին Մարգարյանի թեկնածությունն առաջարկեց հենց Հովհաննես Հովհաննիսյանը, շեշտելով՝ վերջին տարաձայնությունները հաշվի առնելով, սա լավագույն փոխզիջումային լուծումն է։ «Մենք հաշվի առանք այն հանգամանքը, որ նա բավականին անկախ մարդ է եղել, երբեք կոնֆլիկտների մեջ չի եղել, թե՛ պարոն Դեմոյանի հետ, թե՛ մնացածի հետ բավականին լավ հարաբերությունների մեջ է եղել: Այսինքն՝ նա կոմպրոմիսային տարբերակ է և դա լավագույն տարբերակն է»,- ասաց Հովհաննես Հովհաննիսյանը:

Սա փոխնախարարի երկրորդ այցն էր թանգարան-ինստիտուտ։ Առաջինը, որի ժամանակ նա ուղեկցում էր նախարար Արայիկ Հարությունյանին, սոցիալական հարթակում առճակատման հանգեցրեց ՀՑԹԻ նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ։ Հիշեցնենք՝ հունիսի 27-ին Դեմոյանը ֆեյսբուքյան գրառմամբ մեղադրել էր Հարությունյանին ու Հովհաննիսյանին՝ իր բացակայության ընթացքում իր աշխատասենյակ «ներխուժելու» և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

Հարությունյանն էլ հակադարձել էր՝ Դեմոյանը թանգարան-ինստիտուտում որևէ իրավաբանական կարգավիճակ չունի։ Ավելին, ըստ նախարարության, Հայկ Դեմոյանը ճնշումներ էր գործադրել տնօրենի նախկին պաշտոնակատար Գևորգ Վարդանյանի վրա, որի պատճառով վերջինս հրաժարական էր տվել։

Նոր պաշտոնակատարից այսօր հետաքրքրվեցինք՝ արդյոք չի՞ մտահոգվում, որ այժմ էլ կարող են սրվել իր ու Դեմոյանի փոխհարաբերությունները։ «Կարծում եմ, որ նման խնդիր չի լինի, որովհետև պարոն Դեմոյանի հետ իր տնօրինության տարիներին աշխատել ենք շատ լավ, նորմալ մարդկային հարաբերություններ ենք ունեցել: Երրբևէ որևէ խնդիր չի եղել»,- ասաց Նարինե Մարգարյանը:

Այսօր զրուցեցինք նաև Հայկ Դեմոյանի հետ։ Հարցին՝ ինչու է նման սուր շեշտադրումներով, անգամ անձնական վիրավորանքի հասնող ձևակերպումներով գրառում արել, նախկին տնօրենը պատասխանեց՝ վիրավորված է նախարարի ու փոխնախարարի կողմից իր հանդեպ դրսևորած արհամարհանքից․ մեկ ամիս շարունակ ուղիղ կամ միջնորդավորված փորձել է հանդիպել իր կարգավիճակը ճշտելու համար, սակայն արձագանք չի ստացել։

«Այն, որ հուզական տարրեր կան, միանգամայն համաձայն եմ: Միգուցե կարելի էր այլ կերպ գրել: Հնչեցվում է, որ ոստիկաններ կուղարկենք, ձեզ թանգարանից կհանենք: Իմ կյանքում, մանավանդ 11 տարի աշխատած տեղում, որտեղ որևէ հավակնություն չունեմ, ոստիկաններով սպառնալ և հոխորտալը դա լրիվ ուրիշ վիճակ է ստեղծում: Գնահատականներ չեմ ուզում տալ: Սրանով էր պայմանավորված հուզականությունը»,- ասաց Դեմոյանը:

Նրա խոսքով՝ տնօրենի պաշտոնում իր ժամկետը լրանալուց հետո իրավաբանական ձևակերպումների խնդիր է առաջացել, իսկ երկարատև գործուղման է մեկնել ԳԱԱ-ում այդ փաստն արձանագրելով ու դարձյալ՝ անորոշ կարգավիճակով։ Նախկին տնօրենը վստահեցնում է՝ սրտացավ է կառույցի ճակատագրի նկատմամբ, 9 ամիս շարունակ հեռվից օգնել է կառավարման հարցում։

Հարցին՝ եթե ինքը որևէ իրավաբանական կարգավիճակ չունի, այդ դեպքում ինչու՞ էր գրառման մեջ շեշտում «իմ աշխատասենյակ» ձևակերպումը, պատասխանեց՝ ինքն այդ սենյակ մուտք է գործել համապատասխան ակտ կազմելուց հետո և ոչ փաստաթուղթ է ստորագրել, ոչ կնիք դրել, այնպես որ կառավարման մասին խոսք լինել չի կարող։

Փոխնախարար Հովհաննիսյանը վստահ է՝ Դեմոյանի վերոհիշյալ գրառումը եղել է զգացական մակարդակի վրա, անհավասարակշիռ մոտեցումներով։ Փոխնախարարն ասում է, որ ինքը Հայկ Դեմոյանին անձնապես չի ճանաչում և անհրաժեշտության դեպքում պատրաստ է քննարկել հարցերը։ Ինչ վերաբերում է ՀՑԹԻ տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարվելիք մրցույթին, ապա փոխնախարարի խոսքով՝ դրան կարող է մասնակցել նաև Դեմոյանը։

Ինքը՝ Հայկ Դեմոյանը դեմ է 10 տարուց ավելի ժամկետով պաշտոնավարմանը։ Ասում է՝ դեռ անցած տարի էր հայտարարել, որ մտադիր չէ կրկին տնօրեն դառնալ, նույնը կրկնում է նաև հիմա։ Ինչ վերաբերում է երկխոսության եզրեր գտնելուն, ապա թե՛ Դեմոյանը, թե՛ փոխնախարար Հովհաննիսյանն այսօր չբացառեցին հանդիպման հնարավորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG