Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է. - «ԱՄՆ-ի հիմնադիր հայրերի՝ ազատության, հավասարության և ժողովրդավարության ոգով տոգորված վեհ գաղափարները հոգեհարազատ են նաև հայ ժողովրդին, ինչի լավագույն ապացույցն էր Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը: Դրա արդյունքում հաստատված քաղաքական և հասարակական նոր իրողությունները թույլ են տալիս որակական նոր մակարդակի բարձրացնել նաև մեր հարաբերությունները: Մենք պատրաստակամ ենք անելու հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների շարունակական ամրապնդման և ընդլայնման նպատակով, ինչի համար ամուր հիմք են ընդհանուր արժեհամակարգը, արմատավորված փոխադարձ հարգանքն ու վստահության մթնոլորտը»:

«Բարձր ենք գնահատում այն պատկառելի աջակցությունը, որը Միացյալ Նահանգները շարունակում է ցուցաբերել Հայաստանում ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգության համակարգի հզորացման, խաղաղապահ կարողությունների ընդլայնման և բազմաթիվ այլ բնագավառներում: Այսօր առավել քան երբևէ այդ աջակցությունն արդիական է մեր երկրի համար», - գրել է Փաշինյանը:

«Չափազանց կարևորում ենք Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման գործում», - ասված է ուղերձում:

«Գոհունակությամբ պետք է նշեմ նաև ԱՄՆ-ում բնակվող ստվար հայ համայնքի առանձնահատուկ դերը, որն իր գործուն կառույցներով և անվերապահ նվիրվածությամբ հայ-ամերիկյան հարաբերությունների սերտացմանը ամուր կերպով շաղախում է մեր երկրների բարեկամությունը», - Դոնալդ Թրամփին գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նաև երեկ այցելել է Երևանում ԱՄՆ դեսպանատուն, Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG