Մատչելիության հղումներ

Վարչապետը այցելել է ԱՄՆ դեսպանատուն


Լուսանկարը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը այցելել է Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատուն, հանդիպել դեսպան Ռիչարդ Միլսի հետ:

«Այսօր՝ ԱՄՆ Անկախության 242-ամյակի նախօրեին, դեսպան Միլսը պատիվ ունեցավ դեսպանատանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին», - ասված է ամերիկյան դեսպանության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:

Այսօր ավելի ուշ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն՝ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարության և հայ ժողովրդի անունից շնորհավորել է դեսպան Ռիչարդ Միլսին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ մաղթելով բարեկեցություն ու շարունակական զարգացում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին այցելության և շնորհավորանքի համար: «Մեզ համար պատիվ է այս գեղեցիկ օրը, երբ տոնում ենք մեր անկախությունը, Ձեզ ընդունել ԱՄՆ դեսպանատանը: Հայաստանը Միացյալ Նահանգների լավ բարեկամն ու գործընկերն է, և ես սպասում եմ մեր շարունակական համագործակցությանը՝ մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքների ոգուն համահունչ», - ասել է Ռիչարդ Միլսը:

Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը: «ՀՀ կառավարությունը կարևոր է համարում Միացյալ Նահանգների հետ ակտիվ երկխոսությունն ու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր բնագավառներում: Պատրաստ ենք համատեղ ջանքերով նոր ազդակ հաղորդել երկկողմ փոխգործակցությանը, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման նպատակով», - նշել է Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգներին Հայաստանին տարիներ ի վեր ցուցաբերվող օժանդակության համար:

Զրուցակիցները հանգամանորեն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին՝ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության, իրավական համակարգի զարգացման ոլորտներում: Միլսն ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է սերտ համագործակցության Հայաստանի կառավարության հետ և ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական, տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն: Կողմերը քննարկել են նաև ամերիկյան ներդրումների ներգրավման ընդլայնմանն ու երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանը, այդ թվում՝ առկա ներուժի իրացմանն ուղղված հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և կարևորել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում:

Ամերիկայի Միացյալ Նահանգները Անկախության օրը տոնում է հուլիսի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG