Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյան․ Մենք չենք կարող 10 րոպե անգամ անվտանգության վակուում թույլ տալ


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Եվրոպական այցի ավարտին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել EU Observer հանդեսին:

Հարցին, թե արդյո՞ք նախկին նախագահ Սերժ Սարգսյանը չափազանց մեծ ֆիգուր է՝ բանտարկվելու համար, Մնացականյանը պատասխանել է, որ քաղաքական վենդետան բացառվում է, սակայն ոչ մեկը օրենքից վեր չէ: Նա բերել է գեներալ Մանվել Գրիգորյանի օրինակը, ով անձեռնմխելի էր համարվում:

Արտաքին հարաբերությունների առումով, Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը անկախ արտաքին քաղաքականություն է վարում: Մոսկվայի գլխավորած Եվրասիական տնտեսական միության մասին, որի անդամներից է նաև Հայաստանը, նա ասել է, թե միտում կա այդ բլոկը դիտարկելու որպես դիսֆունկցիոնալ, ինչ-որ վատ բան, սակայն դա հնարավորություն է: «Մենք անդամ ենք և դրանից օգուտներ ունենք», - նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Մնացականյանը շեշտել է, որ ի տարբերություն նախկին խորհրդային տարածքում՝ Վրաստանում, Ուկրաինայում տեղի ունեցած «գունավոր» հեղափոխությունների, Երևանում թավշյա հեղափոխության օրերին փողոցներում միայն հայկական եռագույն դրոշներ էին, որովհետև դա միայն ներքին հարց էր՝ ժողովուրդը արդար հասարակությունում ապրելու ցանկություն էր հայտնում, աշխարհաքաղաքական հարցեր, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու ցանկություն չէր հայտնում:

«Այն, ինչ կատարվել է Հայաստանում, արդյո՞ք Ձեզ համար բավարար ժողովրդավարական չէ, թե՞ ժողովրդավար որակվելու համար անպայման պետք է հակառուսական լինի», - հարցազրույցում ասել է նախարարը՝ նաև նշելով․ - «Դուք Ռուսաստանի հե՞տ եք, թե՞՝ ոչ» հարցադրմամբ եվրոպացի պաշտոնյաների հետ երբեք խոսակցություն չի լինի»:

Զոհրաբ Մնացականյանը ասել է, որ Ռուսաստանը այսօր ապահովում է Հայաստանի անվտանգությունը: «Արդյոք այստեղ կա՞ ուրիշ որևէ մեկը, որ պատրաստ է նման օգնության», - հարցրել է նա՝ հավելելով․ - «Նայեք երկրներին, որոնք ցանկանում են ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, որքա՞ն երկար ժամանակ է նրանք հերթում են՝ տասը տարի: Մենք չենք կարող տասը րոպե անվտանգության վակուում թույլ տալ: Նայեք Ադրբեջանին, նայեք Թուրքիային՝ այդ երկու երկրները 27 տարի շրջափակման մեջ են պահում մեր երկիրը, որը անվտանգության էկզիստենցիալ սպառնալիքներ ունի»:

EO Observer-ը հիշեցնում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի պատճառով պատերազմի մեջ է Ադրբեջանի հետ 1990-ականների սկզբից:

Մնացականյանը նշել է, որ նավթի և գազի պատճառով Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին Արևմուտքի հարմարվելը ցույց է տալիս, որ Եվրամիության ռեալ քաղաքականությունը ավելին է, քան այն կցանկանային ընդունել:

«Յուրաքանչյուր կառավարություն շարժվում է ազգային շահերով: Եվրամիությունը շատ է արժևորում իր էներգետիկ հետաքրքրություններով պայմանավորված հարաբերությունները», - EU Observer-ին ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG