Մատչելիության հղումներ

ԵՄ-ն վերահաստատում է աջակցությունը հայաստանյան բարեփոխումներին


Զոհրաբ Մնացականյան և Ֆեդերիկա Մոգերինի, Բրյուսել, 21-ը հունիսի, 2018 թ․

Բրյուսելում տեղի է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսը:

Այսօր Բրյուսելում ողջունելով Հայաստանում տեղի ունեցած իշխափոխության խաղաղ բնույթը՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ ասուլիսում վերահաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցել Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։

«Մենք ունենք խիտ օրակարգ և այս օրակարգը համապատասխան ֆինանսական ռեսուրսների կարիք ունի։ Ակնկալում ենք, որ ֆինանսական աջակցությունը ոչ միայն կպահպանվի, այլև ապագայում կավելանա»,- ասել է Մոգերինին:

2017-2021 թվականների համար Եվրամիությանը Հայաստանին ավելի քան 160 մլն եվրո կհատկացնի։ Սիրիայի փախստականներին Հայաստանում ինտեգրվելու նպատակով էլ «Մադադ» հիմնադրամի շրջանակներում արդեն տրամադրել է 3 միլիոն եվրո։

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ֆեդերիկա Մոգերինիին է ներկայացրել հայաստանյան վերջին զարգացումները: Եվրամիության բարձր ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում առկա գործընթացներին։ Հայաստանի արտգործնախարարը շեշտել է՝ ժողովրդի տված մանդատը վայելող նոր կառավարությունը ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքները։

«Մենք իսկապես կարևորում ենք այն մանդատը, որ Հայաստանի հասարակությունը տվել է կառավարությանը՝ սահմանադրական կարգն ուժեղացնելու, իրավունքի գերակայությունը, ժողովրդավարական սկզբունքները, բոլոր ոլորտներում արդարության և հավասար հնարավորություններ հաստատելու համար»,- ասել է Հայատանի արտգործնախարարը:

Մնացականյանը Բրյուսել էր մեկնել՝ մասնակցելու Եվրոպական միության և Հայաստանի Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստին՝ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված և այս տարվա հունիսի 1-ին միջանկյալ կիրառման մեջ մտած Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում:

Այդ նիստում անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտների համագործակցությանը՝ այդ թվում դատական, էներգետիկ, առևտրի, ինչպես նաև վերահաստատվել է դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման շուրջ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ֆեդերիկա Մոգերինին շեշտել է՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն օր-օրի սերտանում են։

«Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին շաբաթների և ամիսների ընթացքում ավելի ու ավելի ամրապնդվեցին: Դրա ամենավառ ներկայացումը մեր նոր երկկողմ համաձայնագիրն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարող է շատ կարևոր դեր ունենալ, մասնավորապես, Հայաստանի քաղաքացիներին, նաև Եվրամիության քաղաքացիներին օգուտներ բերելու տեսանկյունից»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:

Նա ընդգծել է Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու կարևորությունը՝ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար։ Տրանսպորտային ոլորտում Գործընկերության խորհուրդն ակնկալում է, որ 2017-ի նոյեմբերին նախաստորագրված Հայաստան-Եվրամիություն համապարփակ օդային փոխադրամիջոցների մասին համաձայնագիրը կստորագրվի: Հայաստանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել սկսել մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը:

«Վիզաների ազատականացումը կարևոր է մի քանի առումներով․ այն կնպաստի մարդկանց հարաբերությունների բարելավմանը, մեր հասարակությունների մեջ ավելի կսերտացնի շփումը, և սա շատ լավ ճանապարհ է Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու համար»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Ֆեդերիկա Մոգերինին էլ նշել է․ «Տեխնիկական նախապայմանների համար, որոնց միջոցով կարող ենք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը, անհրաժեշտ է Եվրոպական խորհրդի որոշումը: Սա հարց է, որն ավելի շատ ուղղված է Խորհրդի անդամներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG