Ձայնասկավառակի շնորհանդեսն այս տարվա ապրիլի վերջին է տեղի ունեցել Մալթայում ընթացող երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում:
Այսօր Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կայացած հանդիպման ժամանակ թանգարանի տնօրեն, անվանի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը, որը տրիոյի հիմնադիր անդամ է, ներկայացնելով ձայնասկավառակը նշեց․ - «Շատ հետաքրքիր և միգուցե նաև անսպասելի ծրագրով ենք մենք այստեղ ներկայանում: 14 ստեղծագործություն է ձայնագրված․ կեսը Խաչատրյանի և Բաբաջանյանի ստեղծագործություններն են, որոնք միշտ հնչում են մեր ծրագրերում, իսկ մնացած 7 ստեղծագործությունները Մալթայի կոմպոզիտորական դպրոցի ամենավառ ներկայացուցչի, մեր այսօրվա հյուրի՝ Ալեքսեյ Շորի ստեղծագործություններն են»:
Խաչատրյան տրիոյի մեկ այլ հիմնադիր անդամի՝ ջութակահար Կարեն Շահգալդյանի խոսքով՝ 2 տարի առաջ Ալեքսեյ Շորի հետ իրենց ծանոթությունը նախ հնարավորություն տվեց կատարել նրա ստեղծագործությունները, ապա՝ ձայնագրել և ներկայացնել առանձին ձայնասկավառակով իրենց սիրելի խաչատրյանական և բաբաջանյանական հրաշալի ստեղծագործությունների հետ միասին:
Հանդիպմանը ներկա Ալեքսեյ Շորն ասաց, որ իր համար շատ մեծ պատիվ է համարում, որ իր ստեղծագործությունները ներկայացվել են այդ երկու մեծ կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ: Բայց կատակով նշեց, որ ինքն «աստիճանաբար վարժվում է դրան»:
Այս երեկո «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունենալիք համերգի ընթացքում կհնչեն Շորի և Բրամսի ստեղծագործությունները:
Հանդիպման ավարտից հետո «Ազատության» հարցին, թե հաշվի առնելով, որ ընդհանուր առմամբ հանրության փոքր տոկոսն է մասնակցում դասական երաժշտության համերգներին, որքանով են նպաստում դասական երաժշտության փառատոները հասարակության երաժշտական զարգացմանը, Արմինե Գրիգորյանն արձագանքեց․ - «Մենք այն ազգն ենք, որին դա հատուկ է, մենք մշակութասեր ենք: Հատուկ քայլեր երևի թե չպետք է արվեն, ուղղակի դա իրոք պետք է դառնա մեր առօրյան այն առումով, որ պետք է վերականգնվի այն ավանդույթը, որ բոլոր ընտանիքներում երեխաները հաճախում են երաժշտական դպրոցներ: Մենք նաև պետք է դաստիարակենք ճիշտ լսարան: Սա շատ կարևոր է, որովհետև մենք ունենք բարձր մակարդակի երաժիշտներ, բայց մենք պետք է ունենանք գրագետ և արձագանքող ունկնդիր, լսարան, իսկ դա մեկ տարվա, երկու տարվա աշխատանք չէ»: