Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանին վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդության քննությանը դատախազը չէր եկել


Արարատ Խանդոյանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Գյումրի, 2-ը հուլիսի, 2018թ․

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվելու էր Արարատ Խանդոյանին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու՝ փաստաբան Արա Ղարագյոզյանի միջնորդությունը:

Խանդոյանը զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է 3.5 տարվա ազատազրկման: Արդեն 2 տարի է, ինչ նա անազատության մեջ է, և փաստաբանը առաջին անգամ պատժից վաղաժամկետ ազատ արձակման միջնորդություն է ներկայացրել:

Դատական նիստը, սակայն, հետաձգվեց դատախազի բացակայության պատճառով: Նա գրություն էր ուղարկել դատարան, թե ծանրաբեռնված է և խնդրում է նիստը հետաձգել:

Այս հանգամանքը որակվեց դիտավորություն, Արարատ Խանդոյանը, չսպասելով դատավորի որոշմանը, վրդովվեց ու լքեց նիստերի դահլիճը:

Ըստ պաշտպանի՝ Խանդոյանը առողջական խնդիրներ ունի, և այսօր վերջինս ձեռնափայտով էր դատարան եկել:

Ղարագյոզյանը պնդում է, թե իր պաշտպանյալի նկատմամբ նախկին իշխանությունները քաղաքական հետապնդում են իրականացրել, և օր առաջ նա պետք է հայտնվի ազատության մեջ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 12-ին:

44-ամյա Արարատ Խանդոյանը, հիշեցնենք, Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ` «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրն է: Ըստ մեղադրանքի, նա 2016 թ․ հուլիսի 20-ին մասնակցել է զինված խմբին աջակցելու համար Երևանի Խորենացի փողոցում անցկացված բողոքի ակցիաներին և այդ ընթացքում բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ հարվածել է, քաշքշել ու փորձել խլել ոստիկանի վահանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG