Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարվա և 6 ամսվա ազատազրկման


Արարատ Խանդոյանը դատարանում, Երևան, 27-ը հունիսի, 2017 թ․

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր 3 տարվա և 6 ամսվա ազատազրկման դատապարտեց Արարատ Խանդոյանին:

Դատավճռի հրապարակումից հետո Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բողոքարկելու են այն: «Բողոքարկելու ենք որոշումը, սակայն, ինչպես դատական նիստի առաջին իսկ պահից հայտարարել ենք՝ նույն Մնացական Մարտիրոսյանը նմանատիպ գործերով չի կարող իրականացնել արդարադատություն և ընդհանրապես՝ դատական նիստի առաջին իսկ պահից այս դատավորը կողմնակալ և կանխակալ վերաբերմունք է ունեցել»,- նշեց Ղարագյոզյանը։

Մինչ վճռի հրապարակումը, դատարանում հնչեցրած իր վերջին խոսքում, Խանդոյանը խնդրել էր արդարացնել իրեն և ազատ արձակել հենց դատարանի դահլիճից, հավելելով, սակայն, թե չի հավատում, որ «մի շարք աղմկահարույց քաղաքական գործեր քննած դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդար որոշում կկայացնի»։

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանն ի վիճակի չէ՝ արդարադատություն իրականացնել: Այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է քրեաօլիգարխիկ համակարգը, և արդարություն Հայաստանում չի լինի»,- դատարանում հայտարարեց Արարատ Խանդոյանը, իբրև ասվածի հիմնավորում նշելով «Հայաստանի բանտերում քաղբանտարկյալների առկայությունը»,- ասել էր ամբաստանյալը:

43-ամյա Արարատ Խանդոյանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրն է: Ըստ մեղադրանքի, նա 2016 թ․ հուլիսի 20-ին մասնակցել է ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցելու համար Խորենացի փողոցում անցկացված բողոքի ակցիաներին և այդ ընթացքում բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ հարվածել է, քաշքշել ու փորձել խլել ոստիկանի վահանը: Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը դատարանից պահանջել է 4 տարով ազատազրկել Արարատ Խանդոյանին։

Խոսելով հարուցված քրեական գործի մասին, Խանդոյանը կրկին պնդեց՝ անմեղ է, անցած 11 ամիսների ընթացքում իրավապահները չկարողացան ապացուցել իր մեղքը: Նա հավելեց, որ իրավապահների մատնանշած տեսանյութում ինքը բռնության կոչեր չի արել, ավելին՝ ոտքով ոստիկանին չի խփել, պարզապես ոտքը բարձրացրել է՝ ոտքի տակ ընկած պլաստիկ տարան հրելու համար։

«Դատախազը եթե այսօր էլ հարցազրույց տա լրատվամիջոցներին, միգուցե կասի՝ դատական նիստի ընթացքում այնպիսի ապտակ եմ հասցրել իրեն, քանի որ հենց հիմա ձեռքս բարձրացնում եմ»,- այսօր իր վեջին խոսքում դատարանում ասաց Արարատ Խանդոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG