Մատչելիության հղումներ

«Իմ հրաժարականը կարող է և հուշել են»․ Հրազդանի քաղաքապետ


Արամ Դանիելյան, արխիվ
Արամ Դանիելյան, արխիվ

Հրազդանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի հրաժարականին

Հրազդանի ավագանին այսօր կայացած արտահերթ նիստում միաձայն ընդունեց ավելի քան 15 տարի քաղաքը ղեկավարող՝ Հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանի հրաժարականը: Դանիելյանը ավագանու անդամներին խնդրեց իրեն հարցեր չտալ: «Ազատության» հետ զրույցում պաշտոնաթող քաղաքապետն ասաց, թե իր հեռանալու պատճառը քաղաքական իրավիճակի փոփոխությունն է:

«Նոր քաղաքական ուժ է եկել իշխանության, այդ իշխանությունն այսօր տնօրինում է և՛ ֆինանսական հնարավորությունները, և՛ կառավարման հնարավորությունները: Դրա համար ես նպատակահարմար գտա իմ տեղը զիջել այդ [«Քաղաքացիական պայմանագիր»] կուսակցության ներկայացուցչին, ավելի երիտասարդ մարդու, որն էլ հետագայում կլուծի քաղաքի խնդիրները: Իշխող կուսակցության օգնությամբ քաղաքում ներդրումներ կանեն, գումարներ կբերեն»,- ասաց Դանիելյանը, հավելելով, թե չգիտի նոր քաղաքապետի հավանական թեկնածուին:

Դիտարկմանը, որ քաղաքապետի պաշտոնն ընտրովի է, հետևաբար, հրազդանցիների քվեին արժանացած Դանիելյանը կարող էր հրաժարական չտալ, վերջինս պատասխանեց․ «Իշխանության է եկել քաղաքական թիմ, ժողովուրդն ինձ հինգ անգամ ընտրել է, ես ժողովրդից ներողություն եմ խնդրել և հրաժարական եմ տվել, որպեսզի քաղաքը չտուժի»: Դանիելյանը, սակայն, հավելեց, որ իր հրաժարականի հարցը «կարող է և հուշել են․․․ բնականաբար՝ մարզպետը»:

2016 թվականի ընտրություններում Արամ Դանիելյանը մրցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հետ: Նա Դանիելյանին մեղադրում էր ընտրակաշառք բաժանելու, հրազդանցիների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեջ:

Կոտայքի նորանշանակ մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը չի թաքցնում՝ քաղաքապետին հորդորել է հեռանալ․ ունենալով տարեկան 2 միլիոն դոլար բյուջե 15 տարում նա անգամ քաղաքի ճանապարհները կարգի չի բերել:

«Որպես մարզպետ չէ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, որպես գործիչ, ում քաղաքական գործունեության առանցքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը սպասարկելն է, ապա այդ կոնտեքստում ես ուղղակի գործընկերաբար հորդորել էի պարզապես վայր դնել լիազորությունները»,- ասել է Ռոմանոս Պետրոսյանը:

Անցած տարի Արամ Դանիելյանի 16-ամյա որդին հոր ծառայողական մեքենայով մեկ մարդու էր վրաերթի ենթարկել, վերջինս մահացել էր: Հրազդանի քաղաքապետի որդին գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն ստորագրությամբ ազատ էր արձակվել: Հետագայում քրեական գործը կարճվեց․ իրավապահներն ապացուցված համարեցին այն, որ անչափահաս վարորդը ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ չի տվել: Վրաերթից ամիսներ անց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախագահականում ոսկե մեդալ էր հանձնել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն՝ բարձր առաջադիմություն համար:

Դանիելյանը մտադիր չէ դուրս գալ Հանրապետական կուսակցությունից: Նրա կարծիքով՝ հաջորդ ընտրություններում ՀՀԿ-ն չպետք է Հրազդանի քաղաքապետի թեկնածու առաջադրի:

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հրազդանի քաղաքապետի աթոռին հավակնում է Սասուն Միքայելյանի որդին՝ 25-ամյա Սևակը: Միքայելյաններն առայժմ չեն մեկնաբանում այս տեղեկությունը՝ խոստանալով առաջիկայում հանդես գալ հայտարարությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի նշանակել Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ով կփոխարինի Արամ Դանիելյանին մինչև քաղաքապետի արտահերթ ընտրությունները: 50 տոկոսից ավելի քվե ստացած Դանիելյանը կարող էր պաշտոնավարել ևս երեք տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG