Մատչելիության հղումներ

Հրազդանի քաղաքապետարանի խոսնակ․ ժողովուրդը չի պահանջել Դանիելյանի հրաժարականը


Արամ Դանիելյան

Հրազդանի 16 տարվա քաղաքապետը, ով վերջին՝ 2016-ի ընտրություններին լարված պայքարում պարտության մատնեց իր մրցակից, այժմ պատգամավոր Սասուն Միքայելյանին, օրերս ներկայացրած հրաժարականից հետո այդպես էլ չբացատրեց, թե ինչու է որոշել հեռանալ։

Ինչպես 2016-ի ընտրություններին «Ազատության» Հրազդան կատարած այցերի ժամանակ, այդպես էլ հիմա Արամ Դանիելյանը, աշխատակիցների պնդմամբ, տեղում չէր։

Հրազդանի քաղաքապետի խոսնակ Ալվինա Զաքարյանի խոսքով, 16 տարվա քաղաքապետ Դանիելյանի հեռանալու պահանջով քաղաքում ցույցեր չեն եղել, և նա հեռանում է իր կամքով․ - «Ի սկզբանե, երբ որ էս խառնաշփոթը եղավ երկրում, մի քանի երեխաներ ընդամենը աղմուկ-աղաղակ բարձրաձայնում էին: Բայց որ քաղաքում ժողովուրդ կանգնի և պահանջի քաղաքապետի հրաժարականը, չի եղել նման բան»:

2017-ին Դանիելյանի որդու մասնակցությամբ մահվան ելքով վրաերթից հետո սկանդալի կենտրոնում հայտնված Հրազդանի քաղաքապետը ընտրվել էր, ըստ ԿԸՀ-ի, հրազդանցիների ավելի քան 13 հազար ձայնով։ Համաձայն օրենսդրության՝ նա պետք է պաշտոնավարել 5 տարի՝ մինչև 2021 թվականը։

Կոտայքի նորանշանակ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, թեև օրենսդրությամբ լծակներ չունի քաղաքապետին հեռացնելու, այնուամենայնիվ չի թաքցնում՝ վերջինիս հորդորել է հեռանալ․ - «Որպես մարզպետ չէ, որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, որպես գործիչ, ում քաղաքական գործունեության առանցքը Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը սպասարկելն է, ապա այդ կոնտեքստում ես ուղղակի գործընկերաբար հորդորել էի պարզապես վայր դնել լիազորությունները»:

Նորանշանակ մարզպետի կարծիքով, շուրջ 2 միլիոն դոլար տարեկան բյուջեն բավարար էր Հրազդան քաղաքը կարգի բերելու համար, վերջին 1.5 տասնամյակում ճանապարհները կարգի բերելու, մանկապարտեզները նորոգելու և մյուս աշխատաքների համար․ - «Ես Ձեզ կառաջարկեմ այցելել քաղաքային ենթակայության մանկապարտեզներ: Թաղամասեր ունենք, որտեղ ճանապարհը ընդհանրապես խորհրդային շրջանից հետո որևէ կերպ չի նորոգվել»:

Ալվինա Զաքարյանից տեղեկացանք, որ Հրազդանի 15 մանկապարտեզներից նորոգված են 3-ը, ջեռուցման համակարգեր ունեն միայն 2-ը․ - «15 մանկապարտեզը շահագործել և պահպանել․․․ համաձայնեք, որ դա իրոք խնդրի հետ կապված է, դժվարությունների հետ կապված է»:

Անբարեկարգ ճանապարհներով, մայթերով ու բակերով աչքի ընկնող քաղաքում կա մեկ քաղաքային զբոսայգի, համենայն դեպս նման ցուցատախտակ այգու մուտքի մոտ մնացել է դեռ խորհրդարյին ժամանակներից:

Մարզպետից տեղեկացանք, որ այդ զբոսայգին քաղաքապետարանը 100 տարով վարձակալության է տվել․ - «Այդ տարածքը, եթե մասնավոր է, անձեռնմխելի է, և մենք իրավունք չունենք մուտք գործելու: Ես պահանջել եմ նաև մեր համապատասխան ստորաբաժանումներից մեր լիազորությունների շրջանակներում պարզաբանումներ պահանջել Հրազդանի ՏԻՄ-ից, թե ում է հանձնված, ինչ պայմաններով է հանձնված, ինչ իրավական հիմքերով է հանձնված»:

Մինչ այդ, Դանիելյանի խոսնակը մատնացույց է անում քաղաքի կենտրոնական՝ նորոգված Բարության պուրակը․ - «Դուք մինչև 2002-ը չեք տեսել Հրազդանը: Այս Բարության պուրակը․․․ ես հիմա կարող եմ Ձեզ էդ կադրերը ցույց տալ, թե ինչպիսին էր մեր Բարության պուրակը, այն ժամանակ Սահմանադրության պուրակ կոչվածը»:

Բարության պուրակում հրազդանցիները զբոսնում են, սակայն մեկ նորոգված զբոսայգին բավարար չեն համարում բարեկեցիկ կյանք վարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG