Մատչելիության հղումներ

Եվրամիության ղեկավարները Բրյուսելում Փաշինյանին շատ ջերմ կընդունեն. Սվիտալսկի


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է՝ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելի Բրյուսել, ԵՄ ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն։ Այդ մասին դեսպանը հայտարարեց «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդմանը տված հարցազրույցում:

Հրայր Թամրազյան. - Պարոն դեսպան, մենք գիտենք, որ Փաշինյանն այցելելու է Բրյուսել, որպեսզի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող պետությունների ղեկավարների համար կազմակերպված միջոցառմանը։ Հավանակա՞ն է արդյոք, որ նա նաև կհանդիպի Եվրամիության պաշտոնյաների հետ։ Ծրագրվա՞ծ են արդյոք նման հանդիպումները։

Պյոտր Սվիտալսկի․ - Չեմ կարող բացահայտել որևէ բան։ Բայց շփումները ընթացքի մեջ են։ Վստահ եմ, որ երբ վարչապետն այցելի Բրյուսել, Եվրամիության ղեկավարները նրան շատ ջերմ կընդունեն: Սակայն ամեն ինչ պետք է քննարկվի և համաձայնեցվի դիվանագիտական խողովակների միջոցով։ Մի քանի առիթներով Եվրամիությունը մեծ աջակցություն է հայտնել նոր կառավարության մտադրությունների հանդեպ, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի անկախության ամրապնդման, տնտեսության մեջ հավասար պայմանների ստեղծման, մարդու իրավունքների ամրապնդման և ազատ ու արդար ընտրությունների նախապատրաստման վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք աջակցել այն տեսքով, ինչ Հայաստանի կառավարությունը պատշաճ կհամարի։

Հրայր Թամրազյան. - Պարոն դեսպան, Դուք նաև հանդիպել եք վարչապետի հետ, հավանաբար շատ հարցեր եք քննարկել։ Ի՞նչ տպավորություններ ունեք նրանից։ Նրա պաշտոնը ստանձնելուց հետո դա եղել է Ձեր առաջի՞ն հանդիպումը, թե՞ մինչ այդ էլ հանդիպել եք նրա հետ այս կարգավիճակով։

Պյոտր Սվիտալսկի․ - Իհարկե մենք մինչ այդ էլ հանդիպումներ ունեցել ենք։ Հանդիպել ենք տարբեր առիթներով, երբ նա ընդդիմություն էր, հանդիպումներ ենք ունեցել նաև հիմա, երբ նա վարչապետի շատ պատասխանատու պաշտոնն է զբաղեցնում։ Կարծում եմ՝ բոլոր գործընկերների, զրուցակիցների համար պարզ է, որ նա շատ անկեղծ մտադրություններ ունի, նա ինչ ասում է, դա էլ նկատի ունի։ Կարծում եմ, որ մինչ այս նրա գործողությունները ցույց են տալիս, որ կառավարության հայտարարությունների և անձամբ վարչապետի հայտարարությունների նկատմամբ կա շատ լուրջ վերաբերմունք, որ այս կառավարությունն ունի քաղաքական կամք՝ անելու ամեն հնարավորը, որ այս խոստումները իրականություն դառնան։

Իհարկե, իրենց իսկ հայտարարություններով, գլխավոր նպատակը՝ դա նոր ընտրություններ անցկացնելն է, սա է առաջնային խնդիրը։ Եվ մենք այլ միջազգային դոնորների հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել այս գործընթացում։ Հուսով ենք, որ խորհրդարանում տարբեր քաղաքական խմբակցությունների միջև քննարկումների արդյունքում կձևավորվի Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ կոնսենսուս։

Այժմ այստեղ է գտնվում ՄԱԿ-ի տեխնիկական առաքելությունը, որի անդամները սպասելիքների վերաբերյալ խորհրդակցություններ են անցկացնում կառավարության և այլ քաղաքական ուժերի հետ։ Եվ մենք շատ կառուցողական ենք տրամադրված։ Միջազգային հանրությունը շատ կառուցողական տրամադրության մեջ է։ Հավատացած եմ, որ այս կառավարությունը ժողովրդի մեծ աջակցությունն է վայելում և արժանի է մեր աջակցությանը՝ բոլոր այն մտադրությունների ու ծրագրերի հարցում, որոնց ջատագովն այստեղ՝ Հայաստանում վերջին տարիներին եղել է Եվրամիությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG