Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացումն է կարևորել և կառավարության գործունեության առաջնահերթություններին ու ծրագրերին է անդրադարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ հանդիպման ժամանակ:

Մասնավորապես, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն էապես նպաստել են ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը: Նրա խոսքով՝ ստեղծված բարենպաստ մթնոլորտը նոր խթան կհանդիսանա տարբեր ոլորտներում բարեփոխումների և արմատական փոփոխությունների իրականացման համար: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը կոռուպցիայի դեմ պայքարն է, և գործադիրի քայլերն ուղղված են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը, բիզնես միջավայրի շարունակական բարելավմանը, այդ թվում` ներդրումների պաշտպանվածության բարձրացմանը, մենաշնորհների դեմ պայքարին, պետական գնումների ոլորտում կոռուպցիոն դրսևորումները նվազագույնի հասցնելուն, ներդրումների ներգրավմանը և այլն: «Մենք վճռական ենք մեր կողմից նախանշված նպատակները, ծրագրերն ու միջոցառումները կյանքի կոչելու հարցում՝ կոնկրետ արդյունքներ արձանագրելու նպատակով», - ընդգծել է վարչապետը:

Սվիտալսկին ողջունել և կարևորել է Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրերը՝ ընդգծելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է առարկայական օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը, այդ թվում՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ժամանակավոր կիրարկման շրջանակում: Դեսպանը նշել է, որ տեսնում է դեպի Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ, հատկապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր:

Զրուցակիցներն անդարադարձ են կատարել նաև Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG