Մատչելիության հղումներ

Մեկ շաբաթում շփման գծում հրադադարը խախտվել է 150 անգամ, արձակվել է 1500 կրակոց․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողները շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Հունիսի 24-30-ը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Բացի վերոնշյալ խախտումներից, շաբաթվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում դիտարկվել են ադրբեջանական սպառազինության և զինտեխնիկայի տեղաշարժեր, իսկ արևելյան ուղղությամբ նկատվել է նաև ականորսիչ ինժեներական տեխնիկա», - ասված է հաղորդագրությունում:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, նշում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ շաբաթ օրը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ անցկացվել է բանակի ռազմական խորհրդի նիստ` նվիրված ՊԲ մոտոհրաձգային, հրաձգային ու տանկային ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման և կատարելագործման ուղիներին, հրետանու պատրաստության վիճակին ու զորատեսակի հետագա զարգացման հարցերին:

Մնացականյանը իր գոհունակությունն է հայտնել է ՊԲ մարտական հզորության առանցքը կազմող նշված զորատեսակներում արձանագրված դրական տեղաշարժերից, նաև ընդգծել, որ դեռևս առանձին ուղղություններում առկա են որոշակի անելիքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG