Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Զինված ուժերի արդիականացմանը վերաբերող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցումներով են հանդես եկել համապատասխան վարչությունների ղեկավարները, ներկայացվել են առաջարկներ ԶՈւ մի շարք ուղղությունների վերաբերյալ։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր ելույթում ընդգծել է Զինված ուժերում բարեփոխումների կարևորությունն ու սահմանել առաջնահերթությունները։ Օրակարգում տեղ գտած հարցերը, առաջարկներն ու որոշումները կներկայացվեն ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։