Մատչելիության հղումներ

Մնացականյանը Բեռլինում հանդիպել է Բունդեսթագի նախագահի, Գերմանա-հայկական ֆորումի ղեկավարի հետ


Գերմանիայի խորհրդարանի շենքը՝ Ռայխստագը Բեռլինում, արխիվ
Գերմանիայի խորհրդարանի շենքը՝ Ռայխստագը Բեռլինում, արխիվ

Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Մնացականյանը ներկայացրել է վերջին ներքաղաքական զարգացումները Հայաստանում։ Նա վերահաստատել է Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կատարելու ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ բարեփոխումների միջոցով առավել ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, արդարության ապահովումը և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը։

Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում։

Հայաստանի ԱԳ նախարարը և Բունդեսթագի նախագահն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը։ Այդ համատեքստում Մնացականյանն ընդգծել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը, որը ոչ միայն հարաբերությունների նոր իրավական հենք է, այլև կարևոր գործիք է Հայաստանի համար՝ խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը։

Նախարարը ներկայացրել է ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները՝ հույս հայտնելով, որ Գերմանիայի խորհրդարանը ևս մոտ ապագայում կվավերացնի համաձայնագիրը։

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ մոտեցումները, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համար Մնացականյանն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

Նույն օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ։

Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են, մասնավորապես, Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը: Արտգործնախարարն ընդգծել է, որ այդ բանաձևը հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի արդարության վերականգնման տեսակետից և այն միաժամանակ Գերմանիայի կարևոր ներդրումն է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման առումով, որի առաջամարտիկներից է Հայաստանը։

Հիշեցնենք, Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2016 թվականի հունիսի 2-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG