G խմբում Անգլիա-Բելգիա և Պանամա-Թունիս հանդիպումներով նախօրեին ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը:
Անգլիացիները պարտվեցին 0-1, իսկ Պանաման՝ 1-2 հաշվով: Ըստ էության, թե՛ անգլիացիները և թե՛ բելգիացիներն արդեն ապահովել էին պայքարը շարունակելու իրավունքը: Բայց հանդիպումը կարևոր էր տեղերի դասավորության տեսակետից:
G խմբում առաջին տեղը գրավողը 1/8 եզրափակիչում խաղալու է H խմբի երկրորդ թիմի հետ, որը, ենթադրաբար, ավելի թույլ մրցակից պետք է համարվեր:
Եվ այսպես, արդեն հայտնի են 1/8-ի բոլոր զույգերը: Այլևս ոչ մի ոչ-ոքի հնարավոր չէ, շաբաթ օրվանից սկսած՝ պարտություն կրող յուրաքանչյուր թիմ պետք է հավաքի ճամպրուկներն ու հրաժեշտ տա Ռուսաստանին:
Իհարկե, ռուսների հավաքականին դա չի վերաբերում: Կհաղթահարե՞ն 1/8-ը A խմբում երկրորդ տեղը գրաված դաշտի տերերը: Հուլիսի 1-ին նրանք Մոսկվայում խաղալու են աշխարհի 2010 թվականի չեմպիոն Իսպանիայի հետ:
Նույն օրը Նիժնի Նովգորոդում տեղի կունենա այս առաջնությունում հրաշալի խաղ ցույց տվող խորվաթների հանդիպումը դանիացիների պինդ ու վտանգավոր թիմի հետ:
Բայց 1/8-ը դրանից մեկ օր առաջ է սկսվում, հունիսի 30-ին նախատեսված է այս առաջնության ամենասպասված հանդիպումներից մեկը՝ աշխարհի նախկին չեմպիոններ Ֆրանսիան և Արգենտինան մրցելու են Կազանում: Իսկ Սոչիում մրցելու են Ուրուգվայի և Պորտուգալիայի ընտրանիները:
Հուլիսի 2-ին Սամարայում խաղում են աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան և Մեքսիկան:
Դոնի Ռոստովում էլ բելգիացիները կմրցեն ճապոնացիների հետ: Հուլիսի 3-ին Շվեդիան Սանկտ Պետերբուրգում խաղում է Շվեյցարիայի, իսկ անգլիացիները՝ Մոսկվայում Կոլումբիայի հետ:
Այստեղ է, որ անգլիացիները պետք է ափսոսան բելգիացիներից կրած երեկվա պարտության համար, որովհետև, այնուամենայնիվ, Կոլումբիայում ֆուտբոլն ավելի է զարգացած Ճապոնիայի համեմատությամբ, թեպետ ասիական թիմերը ունակ են աներևակայելի անակնկալներ մատուցել՝ տեսանք, թե ինչ պատուհաս դարձան հարավկորեացիները աշխարհի ներկայիս չեմպիոն գերմանացիների համար:
Հուլիսի 6-ին և 7-ին մեկ քառորդ եզրափակիչի խաղերն են, հուլիսի 10-ին և 11-ին՝ կիսաեզրափակիչները:
Հուլիսի 14-ին երրորդ տեղի համար Սանկտ Պետերբուրգում կպայքարեն կիսաեզրափակիչներում պարտված թիմերը, իսկ հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կորոշվի ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի չեմպիոնի անունը, և 4 տարին մեկ տեղի ունեցող այս հրաշքը կավարտվի: