Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարարի հետ


Թբիլիսիում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը այսօր հանդիպել է Վրաստանի նորանշանակ արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի հետ:

Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Սադոյանը շնորհավորել է Զալկալիանիին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-վրացական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ, անդրադարձել, մասնավորապես, բարձր մակարդակի փոխայցելություններին, երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին, զբոսաշրջությանը:

Դեսպանն անդրադարձել է Հայաստան-Եվրամիության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այն հնարավորություններին, որոնք այն ընձեռում է։ Նախարարը նշել է, որ հաշվի առնելով այդ ուղղությամբ վրացական կողմի կուտակած փորձը՝ բարեկամ Հայաստանը կարող է մշտապես ակնկալել Վրաստանի աջակցությունը:

Սադոյանը ներկայացրել է այս տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի վերաբերյալ մանրամասներ, Զալկալիանին նշել է, որ Վրաստանն այդ խոշորամասշտաբ միջոցառմանը ներկայացված կլինի բարձր մակարդակով:

Դեսպանն ընդգծել է Հայաստանի քաղաքացի հանդիսացող սիրիահայերի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրների շուտափույթ լուծման կարևորությունը, ընդգծելով, որ սիրիահայերը, ՀՀ լիարժեք քաղաքացիներ հանդիսանալով, չպետք է եղբայրական Վրաստանի տարածք մուտք գործելու խնդիրներ ունենան։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ՝ խոսելով այն քայլերի մասին, որոնք հնարավորություն կտան մոտ ապագայում կազմակերպել հանձնաժողովի նիստը:

Շաբաթասկզբին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց էր ունեցել Վրաստանի նորանշանակ արտգործնախարարի հետ:

Հիշեցնենք, Վրաստանի նոր կառավարությունը գլխավորում է Մամուկա Բախտաձեն, նա վարչապետի պաշտոնում Գիորգի Կվիրիկաշվիլիին փոխարինեց այս ամիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG