Մատչելիության հղումներ

Սվիտալսկի․ Տեսնում ենք, որ նոր կառավարությունը վճռական է կոռուպցիան արմատախիլ անելու հարցում


ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հարցազրույց է տալիս «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին, արխիվ
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հարցազրույց է տալիս «Ազատության» հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին, արխիվ

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին խոստանում է ավելի քիչ խոսել կոռուպցիայի մասին, քանի որ երկրում տեսնում է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հանրային դրսևորումներ, ինչը, ըստ նրա, լուրջ փաստարկ է, որպեսզի այսուհետ դադարի բարձրաձայնել այս խնդիրը և ջանքերը կենտրոնացնի այլ կարևոր ուղղություններով: Այդ մասին դեսպանը հայտարարեց «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդմանը տված հարցազրույցում:

Ստորև ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից, որն ամբողջությամբ կհեռարձակվի առաջիկա կիրակի օրը՝ հուլիսի 1-ին․

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, շնորհակալություն մեր ստուդիա գալու համար՝ «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդման համար: Մեր զրույցից մի հատված կհեռարձակվի նաև այսօր մեր ռադիոեթերով և ինտերնետային հեռուստատեսությամբ, բայց ամբողջական հարցազրույցը կհեռարձակվի կիրակի օրը:

Ես ուզում եմ սկսել վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններից: Ինչպես գիտեք՝ այդ գործերը կապված են կառավարության հակակոռուպցիոն ջանքերի հետ, անվտանգության ծառայությունները մի շարք անձանց են ձերբակալել, այդ թվում՝ գեներալ Մանվել Գրիգորյանին և Սերժ Սարգսյանի որոշ մերձավորների՝ նրա թիկնազորի նախկին պետին և այլոց: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը, պարո՛ն դեսպան:

Պյոտր Սվիտալսկի․ - Շնորհակալություն հարցազրույցի հրավերի համար: Միշտ հաճույքով եմ օգտվում Ձեր հյուրընկալությունից: Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ Հայաստանի նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել է իր առաջնահերթություններից մեկը: Եվ այս մեսիջը, որ Հայաստանի իշխանությունները ամենայն լրջությամբ են մոտենում կոռուպցիայի դեմ պայքարին, հստակորեն հնչեց նաև Բրյուսելում՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի ընթացքում, ինչպես նաև Հայաստանի արտգործնախարարի՝ Բրյուսելում ունեցած այլ հանդիպումների ընթացքում: Եվ մենք տեսնում ենք առարկայական ապացույցներ, որ նոր կառավարությունը վճռական է տրամադրված կոռուպցիան արմատախիլ անելու հարցում՝ դրա բոլոր դրսևորումներով, և որ պակաս կարևոր չէ՝ նոր կառավարությունը ցանկանում է դա իրականացնել օրենքի տառին համապատասխան՝ գործող օրենսդրության շրջանակներում և լիակատար թափանցիկության պայմաններում: Եվ ես կարծում եմ, որ մեզ համար՝ Եվրոպական միության համար, սա ոգևորիչ է, և մենք պատրաստ ենք, եթե դրա կարիքը կա, առաջարկել հնարավոր առավելագույնը՝ մեր փորձի, գիտելիքների և տեխնիկական փորձագիտական կարողությունների առումով: Սա մի բան է, որ հստակորեն հայտարարվել է Բրյուսելում՝ այդ հանդիպումներում:

Պատահական չէ, որ այսօր Հայաստանում բոլորը խոսում են կոռուպցիայի մասին: Մենք տեսնում ենք կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության հանրային դրսևորումներ: Սա շատ կարևոր զարգացում է, և դա նաև լուրջ փաստարկ է, որպեսզի ես այսուհետև դադարեմ բարձրաձայնել այս խնդիրը և իմ ջանքերը կենտրոնացնեմ այլ կարևոր ուղղություններով: Այնպես որ, այս պահից սկսած խոստանում եմ ավելի քիչ խոսել կոռուպցիայի մասին․ ես այդ մասին խոսում էի դեռ այն ժամանակ, երբ այդ մասին քչերն էին խոսում և երբ որոշ շրջանակներում դա դժկամությամբ էին ընդունում: Եվ ես անչափ ուրախ եմ, որ այսօր հայաստանցիները քաջություն ունեն այդ մասին խոսելու և ցույց տալու, որ իրենք դեմ եմ կոռուպցիայի ցանկացած դրսևորման: Կեցցե՛ք, հայե՛ր:

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, ինչպես գիտեք՝ Միացյալ Նահանգներում որոշ փորձագետներ կոչ են անում իշխանություններին օգնել Հայաստանին հակակոռուպցիոն պայքարում և վերականգնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որը կասեցվել էր լավ կառավարման բացակայության և կոռուպցիայի դեմ ոչ բավարար պայքարի պատճառով, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում առաջընթացի բացակայության պատճառով: Եվ այժմ կոչեր են հնչում՝ վերականգնել այդ ծրագիրը, որը, հաստատվելու դեպքում, մի քանի հարյուր միլիոն դոլարի օգնություն կհատկացնի Հայաստանին: Իսկ ինչ-որ նմանատիպ տարբերակներ կա՞ն, որ Եվրոպական միությունն էլ նման ծրագիր սկսի՝ օգնելով Հայաստանին հակակոռուպցիոն պայքարում առաջընթաց արձանագրելու հարցում: Ի՞նչ կասեք այս մասին, կա՞ արդյոք նման նախաձեռնություն:

Սվիտալսկի․ - Մենք հայտարարել ենք՝ Բարձր հանձնակատար տիկին Մոգերինին է հայտարարել Բրյուսելում, որ մենք պատրաստ ենք շարունակել և ավելի խորացնել մեր համագործակցությունը Հայաստանի հետ այս հարցերի շուրջ: Գաղտնիք չէ, որ Արդարադատության և ազատության ենթահանձնաժողովի վերջին հանդիպման ժամանակ հայկական կողմը մեզանից տեխնիկական աջակցություն խնդրեց ապօրինի ճանապարհով կուտակված միջոցների վերականգնման հարցում: Ինչպես գիտեք, Եվրոպան բավականին հարուստ փորձ ունի այս հարցում, և մենք պատրաստ ենք Հայաստանի հետ կիսվել այս փորձով և ուժեղացնել համագործակցությունը ապօրինի ճանապարհով կուտակված միջոցների բռնագրավման և վերադարձման հարցում։

Ինչ վերաբերում է երկարաժամկետ հեռանկարներին՝ ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը բարելավում է երկրի իմիջը: Դա առնվազն մի բան է, որը օգնում է առաջ մղել Հայաստանի շահերը ոչ միայն Միացյալ Նահանգներում՝ ինչպես Դուք հիշատակեցիք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, այլ նաև Բրյուսելում, որովհետև կոռուպցիայի ցածր մակարդակը խրախուսում է Եվրոպական միությանը ավելի մեծ աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում: Ավելին՝ դա խրախուսում է գործարարներին, հասարակ ներդրողներին, որպեսզի գան և աշխատեն այնպիսի միջավայրում, որտեղ նրանք հստակ երաշխիքներ կունենան, որ իրենց գումարները ստիպված չեն լինի ոչ նպատակային օգտագործել: Եվ ես կարծում եմ, որ եթե ամեն ինչ հաջողվի, Հայաստանում մեկնարկած այս հակակոռուպցիոն պայքարը կարող է նոր նշաձող սահմանել ողջ տարածաշրջանի համար:

Ես համաձայն եմ որոշ քաղաքական գործիչների հետ, ովքեր հայտարարում են, որ Հայաստանը մեծ հնարավորություն ունի դառնալ տարածաշրջանային առաջատարը դրական առումով: Եվ դա կհրապուրի միջազգային համայնքին և միջազգային ներդրողներին, որպեսզի ավելի շոշափելի ներկայություն ունենան Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG