Մատչելիության հղումներ

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ հավանաբար կհանդիպի Հելսինկիում՝ հուլիսի 11-ից հետո


ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները, արխիվ

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ իր հանդիպումը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ ամենայն հավանականությամբ կկայանա Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում՝ հուլիսի 11-ից 12-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետ։

Ըստ «Ռոյթերզ» գործակալության, Թրամփը նաև ասել է, որ Պուտինի հետ քննարկելու է Սիրիայի և Ուկրաինայի հետ կապված հարցեր։

Ավելի վաղ արևմտյան մամուլը գրել էր, որ Թրամփն ու Պուտինը հնարավոր է հանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը երեկ Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ։ Բոլթոնի առաքելությունն էր կարգավորել Թրամփ-Պուտին հանդիպման հարցերը։

Երեկվա բանակցություններից հետո Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնեցրել են Թրամփ-Պուտին հանդիպման վայրն ու օրը։

Մոսկվայում երեկ կայացած ասուլիսի ժամանակ Բոլթոնն իր հերթին նշել է, որ հանդիպման վայրն ու օրը հայտնի կդառնան հունիսի 28-ին՝ Վաշինգտոնն ու Մոսկվան միաժամանակ հայտարարություն կանեն։

Ուշակովը նշել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները նախ առանձնազրույց կունենան, այնուհետև բանակցությունները կշարունակվեն արդեն ընդլայնված կազմով։

Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները մինչ այս հանդիպել են երկու անգամ՝ տարբեր գագաթնաժողովների ժամանակ, ութ անգամ էլ հեռախոսով են խոսել, սակայն առանձին հանդիպում երկու պետությունների ղեկավարները չեն ունեցել Ղրիմի անեքսիայից հետո։

Հավելենք նաև, որ բրիտանական մամուլը նախօրեին գրել էր, որ չափազանց կարևոր է, որպեսզի Թրամփ-Պուտին հանդիպումը կայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, քանի որ գագաթնաժողովի օրակարգում հիմնականում Ռուսաստանի ագրեսիան զսպելու հետ կապված հարցերն են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG