Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում պնդեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ շեշտելով, որ իր ունեցած տեղեկություններով քաղաքապետը դիմումը գրել է դեռևս մի քանի օր առաջ, պարզապես այն պաշտոնապես չի հրապարակվում, քանի որ դեռևս պարզ չէ, թե ինչպես են տեղի ունենալու նոր քաղաքապետի ընտրությունները։

Նշենք, որ երեկ առաջին անգամ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացակայում էր ավագանու նիստից, ինչը խմբակցության անդամներն աննախադեպ համարեցին:

Փոխքաղաքապետ Կամո Արեյանը պարզաբանել էր, թե Մարգարյանն առողջական խնդիրներ ունի, ինչը, սակայն, ավագանու ընդդիմադիր անդամները կասկածի տակ դրեցին:

«Ելք» խմբակցության ղեկավարը պատահական չի համարում այն հանգամանքը, որ Տարոն Մարգարյանն արդեն մի քանի օր է աշխատանքի չի գալիս, որոշումներ չի ստորագրում, ինչը խոսում է այն մասին, որ Տարոն Մարգարյանը վայր է դրել լիազորությունները։

«Ազատություն». - Դուք ունե՞ք այդ տեղեկությունը, որ նա արդեն գրել է այդ հրաժարականի դիմումը։

Խաժակյան. - Դիմումն արդեն գրված է, պարզապես հրապարակված չէ և կարծում եմ, որ մնում են մի քանի հարցեր, որորնք պետք է պարզաբանվեն, թե ինչ է լինելու հրաժարականից հետո, որպեսզի հրապարակվի։

«Ազատություն». - Կա՞ հստակ ժամկետ, թե որ օրն է նա գրել հրաժարականի դիմումը։

Խաժակյան. - Իմ ունեցած տեղեկություններով դա տեղի է ունեցել երկու-երեք օր առաջ, գուցե տեսանյութը հրապարակելուց էլ առաջ, որովհետև մինչ այդ էլ՝ թե՛ ոստիկանությունը, թե՛ ԱԱԾ-ն արդեն սկսել էին քննել գործեր, որոնք կապված էին Տարոն Մարգարյանի հետ առնչվող ձեռնարկությունների հետ։ Սա շատ տրամաբանական հետևանք էր։

«Ազատություն». - Այդ դիմումով նա ի՞նչ էր ուզում ասել, կամ անել, դա ինչ-որ ձևով նրա կօգնի՞ խուսափել այդ քննություններից նկատի ունեմ, ինչո՞ւ գրել այդ դեպքում։

Խաժակյան. - Ըստ էության դիմում գրել, բայց չհրապարակելը լուծում է մի հարց՝ նա իշխանություններին ցույց է տալիս, որ չի պատրաստվում գնալ կոնֆրոնտացիայի և համաձայն կլինի ցանկացած ելքի հետ, և գրել է իր դիմումը՝ սպասելով դրա հրապարակմանը, որը, կարծում եմ, իրենից էլ չի կախված։

«Ազատություն». - Իսկ ումի՞ց է հրապարակումը կախված։

Խաժակյան. - Ես կարծում եմ, որ պետք է լինեն քննարկումներ և որոշում, թե ինչպիսի՞ պաշտոնավարում է լինելու դրանից հետո, կամ լինելո՞ւ են արդյոք արտահերթ ընտրություններ՝ ամենահնարավոր սեղմ ժամկետներում, թե՞՝ ոչ, և երբ այս հարցերը պարզաբանվեն, այդ ժամանակ էլ հրաժարականի դիմումը կհրապարակվի։

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների անցկացման կարգը

Երևանի քաղաքապետարանի շենքը
Երևանի քաղաքապետարանի շենքը

Նշենք, որ Երևանի մասին օրենքի համաձայն քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են հետևյալ կարգով՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին: Սակայն չի բացառվում նաև, որ Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումի հրապարակումից հետո, ոչ թե նոր քաղաքապետ ընտրվի գործող ավագանու կազմից, այլ պարզապես ավագանին լուծարվի, ըստ օրենքի, կառավարության որոշմամբ ավագանու ժամկետները կարող են կրճատվել:

Կառավարությունն, ի դեպ, կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ:

Այս դեպքում ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում:

«Պետք է քաղաքական որոշում կայացվի»

Դավիթ Խաժակյան, արխիվ
Դավիթ Խաժակյան, արխիվ

Թե ո՞ր տարբերակը կընտրվի՝ գնալ արտահերթ ավագանու ընտրությունների, թե՞՝ պարզապես ավագանու գործող կազմից նոր քաղաքապետ ընտրել, դեռևս պարզ չէ, սակայն, Դավիթ Խաժակյանի փոխանցմամբ, երկու դեպքում էլ պետք է քաղաքական որոշում կայացվի:​

Խաժակյան. - Սա պահանջում է քաղաքական որոշում քաղաքական ուժերի կողմից, որպեսզի չլինեն առաջադրումներ և ավագանին գնա լուծարման։ Սա քաղաքական որոշում է պահանջում, այդ թվում՝ նաև ավագանու երեք խմբակցություններից։ Մյուս մասով՝ լինում են առաջադրումներ, ընտրվում է փակ գաղտնի քվեարկությամբ ավագանու կազմից առաջադրված ավագանու անդամը։ Ես կարծում եմ, որ Հանրապետական խմբակցությունն այս երկու դեպքում էլ առաջադրում չի կատարելու և չպետք է կատարի, և կախված իրավիճակից արդեն որոշվի, թե որ ելքով է գնում ընտրության։

«Ազատություն». - Դուք ո՞ր տարբերակի կողմնակիցն եք։

Խաժակյան. - Ես կարծում եմ, որ երկու դեպքում էլ կարևորը հետևյալն է՝ դիտարկել արտահերթ ընտրությունների նպատակահարմարության ժամկետը, եթե ժամկետը նպատակահարմար է սեպտեմբերին այսօրվա իշխանություններին, ապա, այո, այս ավագանին ունի նույն խնդիրը, ինչ ունի այսօրվա Ազգային ժողովը։ Այդ առումով խնդիրն ինչքան շուտ լուծվի, էդքան էլ լավ։ Բայց սա, բնականաբար, կենտրոնական իշխանությունների կողմից պետք է որոշակի պատրաստակամություն ենթադրի, հակառակ դեպքում մենք պետք է ունենանք այլընտրանքային քաղաքապետի թեկնածու, որը կպաշտոնավարի այն ժամանակահատվածը, որից հետո հնարավոր կլինի դիտարկել ժամկետը։

«Ազատություն». - Դուք պնդելո՞ւ եք, որ այլընտրանքային թեկնածուն չլինի Հանրապետական խմբակցությունից։

Խաժակյան. - Այո՛, այնուամենայնիվ ես պնդում եմ, որ Հանրապետական խմբակցությունը որևէ պարագայում թեկնածու չպետք է առաջադրի, դա թե՛ սխալ կլինի քաղաքական տեսանկյունից, թե՛ սխալ կլինի այսօրվա ստեղծված բարոյական տեսանկյունից։

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանից դեռևս չեն հաստատում և ոչ էլ հերքում են Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմում գրելու մասին պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG