Մատչելիության հղումներ

Իոաննիսյան․ ՀՀԿ-ից որևէ գրավոր առաջարկ չեմ ստացել


Դանիել Իոաննիսյանը «Ազատության» տաղավարում, արխիվ:

Կառավարության և քաղհասարակության անունից շրջանառության մեջ դրված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հիմնական ու սկզբունքային մոտեցումը, այսպես կոչված, ռեյտինգային ընտրակարգի վերացումն է և ընտրությունները միայն համամասնական ընտարակարգով անցկացնելը:

Քննարկվում են նաև կրկնաքվեարկությունը բացառող մեխանիզմները, դրանցից մեկն էլ մատների թանաքոտումն է: Առաջարկվող տարբերակներից է նաև բացառել գրչի կիրառումը և ընտրողին թողնել ընտրել բացառապես այս կամ այն կուսակացության քվեաթերթիկը:

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն այսօր ներկայացնելով նախագծի այս և այլ կետերը՝ շեշտեց, որ շատ կարևոր է նոր փաստաթղթով ամրագրել ընտրական հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմները․ - «Քննարկվում են սխեմաներ, որպեսզի փողի էֆեկտը նվազեցնել: Որպեսզի լինի ավելի գաղափարների մրցապայքար»:

Քաղաքական կուսակցություններից այսօր քննարկմանը ներկա «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ընդգծեց, թե անհրաժեշտ է վերանայել Քրեական օրենսգրքով նախատեսված ընտրական հանցագործությունների պատժաչափերը․ - «Պարզ մի բան ասեմ: Եթե մարդը կեղծիք է արել, առնվազն այդ հինգը տարին պետք է բացակայի հանրությունից, որովհետև առնվազն հինգ տարի խանգարել է հանրային զարգացումները: Պետք է խիստ լինեն պատիժները, որպեսզի այլևս ոչ ոք մեր երկրում, նոր Հայաստանում չփորձի կեղծիքներով ընտրություն անցկացնել»:

Բոլոր բանախոսները ընդգծում էին համամասնական համակարգի ներդրման կարևորությունը: Այդուհանդերձ տարակուսանք կար մեկ հարցում՝ մասնակցել ընտրություններին բա՞ց, թե՞ փակ ցուցակներով:

Դաշնակցությունից Լուսինե Հովհաննիսյանի խոսքով, բաց տարբերակը ընտրողին հնարավորություն է տալիս տեսնել, թե ովքեր են ներգրավված այդտեղ և ընտրել ցանկալի թեկնածուին․ - «Արդյունքում ստացվում է, որ ոչ թե տվյալ կուսակցությունն է ընտրում մանդատների բաշխման հերթականությունը, այլ տվյալ ընտրողը»:

Մինչդեռ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը վստահ է, որ այս դեպքում նորից ընտրաշուկայի հետ ենք գործ ունենալու․ - «Մենք տարբեր ձևաչափերով մինչև հիմա ունեցել ենք բոլոր հնարավորությունները ընտրելու անհատների: Ցավոք սրտի, հիմնականում այդ հնարավորությունը ճիշտ չի օգտագործվել: Անհատները շատ դեպքերում ներկայացրել են իրենց բիզնես շահերը: Կուսակցությունների զարգացման տեսանկյունից իրենք կարող են նաև հետագայում օգտագործել փրայմըրիների՝ նախնական իրենց ներքին ընտրությունների մեխանիզմը, և իրենք հասկանան իրենց ընտրողների հետ խորհրդակցելով, համամասնական ցուցակը ինչպես կառուցել, որպեսզի ընտրողների համար այն հնարավորինս գրավիչ լինի: Ընտրողներին պետք է հնարավորություն տալ ընտրելու կուսակցությանը որպես ամբողջություն՝ իր գաղափարներով»:

Քննարկմանը ներկա չէր ՀՀԿ-ի ներկայացուցիչը, թեպետ, կազմակերպիչների պնդմամբ, հրավեր եղել էր:

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ավելի վաղ էլ քննարկումներ են եղել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ, սակայն Հանրապետական կուսակցությունը հրաժարվել է մասնակցել բոլոր ձևաչափով հանդիպումներին․ - «Հանրապետական կուսակցության որևէ առաջարկ գրավոր չեմ ստացել: Հանրապետական կուսակցության միակ ինձ հայտնի առաջարկները նրանք են, որոնք հայտնի ասուլիսի ժամանակ լրատվամիջոցներին հայտնել է Դավիթ Հարությունյանը: Հանրապետական կուսակցության այլ առաջարկ չունեմ: Ցանկացած առաջարկ, որը իրանք ունեն, ես շատ շնորհակալ կլինեմ, եթե տան, տեսնենք»:

Այսօր Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու բազմաթիվ առաջարկներ հնչեցին․ ցանկություն կա ավելացնել կանանց ներգրավվածությունը ընտրություններին, ընտրողներին ուղեկցողներին թույլ տալ խուց մտնել միայն բժշկական թղթի առկայութան դեպքում, վերացնել դիտորդների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների սահմանափակումը ընտրատեղամասում և այլն:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը լրացրեց, որ նախորդ վատ ընտրությունները հաշվի առնելով՝ հիմա փորձ է արվում ստեղծել այնպիսի համակարգ, որն ընտրությունների արդյունքներն ավելի արժանահավատ կդարձնի․ - «Ի վերջո նպատակը պետք է լինի ոչ թե օրենսգիրքը նախապատրաստել առաջիկա ընտրություններին, այլ ունենալ օրենսգիրք, որը ցանկացած պարագայում, ցանկացած իշխանության դեպքում կլինի թափանցիկ ու արդար ընտրությունների երաշխիքը»:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, ըստ Կառավարության, նախաձեռնվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, սակայն դրա ժամկետների վերաբերյալ դեռ հստակություն չկա։

«Արագացնելը պրոցեսի չպետք է լինի ի հաշիվ քննարկումների ներառականության և ի հաշիվ որակի», - ասաց Դանիել Իոաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG