Մատչելիության հղումներ

Բաքվում կայացած շքերթում Ալիևը դարձյալ ռազմաշունչ հայտարարություններ է արել


Ալիևը ելույթ է ունենում Բաքվի ռազմական շքերթում, 26-ը հունիսի, 2018 թ․

Այսօր Բաքվում անցկացված ռազմական շքերթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանը կողմ է ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, միաժամանակ սպառնալով՝ Հայաստանը պետք է հասկանա, որ ադրբեջանական բանակն «ի զորու է ոչնչացնելու ռազմական և ռազմավարական ցանկացած օբյեկտ»:

Ելույթ ունենալով Ադրբեջանի զինված ուժերի ստեղծման 100-ամյակին նվիրված զինվորական շքերթում, Ալիևը կրկնել է այն ամենը, ինչ տարիներ շարունակ ասել է Ղարաբաղի մասին. «Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է, Բաքուն երբեք չի ընդունի Ղարաբաղի օկուպացիան, Ադրբեջանը կվերականգնի իր վերահսկողությունը Ղարաբաղում և հարակից գրավյալ տարածքներում» և այլն: Նա հայտարարել է նաև, թե Բաքուն շարունակելու է զենք գնել՝ ուժեղացնելու բանակը:

Ալիևի խոսքով՝ աշխարհում հիմա գերիշխում է ոչ թե միջազգային իրավունքը, այլ ռազմական ներուժը: Եթե միջազգային իրավունքն աշխատեր, տարածքները վաղուց ազատված կլիներին, հայտարարել է Ալիևը, հավելելով՝ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Ալիևը «հաղթանակ» է որակել 2016 թվականի ապրիլյան պատերազմն ու «2018 թվականի նախիջևանյան գործողությունը», աելով, թե այդ հաղթանակներն «էլ ավելի բարձրացրեցին Ադրբեջանի ժողովրդի հայրենասիրական ոգին»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասել է, որ Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանը որոշակի դիրքեր է տեղաշարժել տարբեր ուղղություններով, սակայն մարտավարական և ռազմական առումով որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել: Այն տարածքները, որոնց հիմա տիրապետում է Ադրբեջանը, միշտ էլ եղել են Ադրբեջանի հսկողության տակ, և խոսել հայկական կողմի ինչ-որ տարածքների կորստի մասին, ուղղակի անհեթեթություն է, ասել է Փաշինյանը:

Բաքվի կենտրոնական հրապարակում անցկացված ռազմական շքերթին մասնակցել են շուրջ 4 հազար զինծառայողներ, 70 ռազմական օդանավ, 240 միավոր ռազմական տեխնիկա: Ռուսական սպառազինություններից բացի, շքերթում ցուցադրվել են նաև բելառուսական «Պոլոնեզ» և իսրայելական LORA տիպի հրթիռայան համակարգեր: «Հյուրիեթ Դեյլի Նյուզը» գրել է, որ ցուցադրվել են նաև թուրքական արտադրության Cruise տիպի հրթիռներ:

Ցուցադրական թռիչքներին մասնակցել են նաև թուրքական օդուժի մեկ տասնյակ ինքնաթիռներ: Բաքվի ռազմական շքերթին ներկա է գտնվել Թուրքիայի Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: Նա նաև առանձին հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը անցյալ շաբաթ պնդում էր, թե «վերջին տարիների ընթացքում երկրի ռազմական պոտենցիալը էականորեն մեծացել է և էականորեն փոխել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը՝ հօգուտ Ադրբեջանի»:

Ռազմական շքերթին ներկա են գտնվել ավելի քան մեկ տասնյակ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Բելառուսից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Իրանից, Վրաստանից:

1988 թվականին Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս գալու՝ Լեռնային Ղարաբաղի որոշումից հետո, Ադրբեջանը կորցրել է Ղարաբաղի հարակից շրջանները 1990-ականների սկզբին տեղի ունեցած պատերազմի արդյունքում, որի ընթացքում հակամարտ կողմերը մոտավորապես 30 հազար զոհ են տվել: 1994 թվականի հրադադարից հետո հակամարտության կարգավորման բանակցությունները մինչ այժմ շարունկավում են: Չնայած միջազգային միջնորդների՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների մի շարք առաջարկներին, կարգավորման որևէ տարբերակի շուրջ հակամարտ կողմերը վերջնական համաձայնության չեն եկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG