Մատչելիության հղումներ

Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը Մինսկի խմբի ձևաչափի ներքո. Մնացականյան


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական 10-րդ հանդիպմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, իր ելույթում նախարարն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով, որ թե՛ ԵՄ, թե՛ Արևելյան գործընկերության անդամ երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձևաչափի աշխատանքները։

Նա հավելել է, որ արտաքին քաղաքական առաջնահերթություններում, ինչպես ձևակերպված է Կառավարության ծրագրի մեջ, Հայաստանը հետամուտ է շարունակականությանը, կանխատեսելիությանը և ամուր ներգրավվածությանն իր բոլոր բարեկամների ու գործընկերների հետ՝ հիմնված ինքնիշխան հավասարության և ջանքերի համախմբմամբ Հայաստանի շահերն առաջ մղելու, փոխշահավետ համագործակցությունն ու գործընկերությունը խորացնելու վրա։

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ միջազգայնորեն համաձայնեցված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի ներքո։

«Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով լարվածությունը, ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, մարդկանց միջև իրական շփումների արգելափակումը պետք է վճռականորեն մերժվեն։ Ե՛վ ԵՄ անդամ երկրները, և՛ Արևելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների հ ամաձայնեցված ձևաչափի աշխատանքները»,- շեշտել է Զոհրաբ Մնացականյանը։

«Եզրափակելով խոսքս` նշեմ, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է իր վրա վերցնելու ԵՄ-ի, նրա անդամ և գործընկեր երկրների հետ ավելի մեծ պատասխանատվություն և ներգրավվածություն` ուղղված մեր ընդհանուր տարածքն անվտանգ, կայուն և զարգացող հարևանության վերափոխելուն»,- նաև ասել է նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG