Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի փաստաբանը պնդում է, թե իր պաշտպանյալը ՔԿՀ-ում խոշտանգվում է


Լևոն Բաղդասարյան
Լևոն Բաղդասարյան

Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը պնդում է, թե իր պաշտպանյալը խոշտանգվում է քրեակատարողական հիմնարկում, և ինքը պատրաստվում է այս խնդրով դիմել ընդհուպ մինչև միջազգային ատյաններին:

«Փաստեմ, որ խոշտանգման եզրույթի տակ միայն չպետք է հասկանալ անձին քառատել, վնասել: Իմ պաշտպանյալն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքին, ուստի նման պայմաններում վերջինիս վերցնել կալանքի տակ, դիտում եմ խոշտանգում: Երկու ծանր հիվանդությունով է տառապում․ մեկը քաղցկեղ՝ դժվարանում եմ ասել որ աստիճանի, և շաքարային դիաբետ՝ ծանր աստիճանի», - նշեց փաստաբանը:

Երկու օր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը:

Իրավապահների հաղորդմամբ, մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք է հայտաբերվել Գրիգորյանի Արշալույս գյուղի առանձնատներում։ Գրիգորյանի՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանն էլ հայտնաբերել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ: Նույն առանձնատանը նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ էին եղել։ Նույն մակնշմամբ մսի պահածոներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի զինծառայողներին հասցեագրված օգնության արկղեր էին հայտնաբերվել նաև Էջմիածնում՝ Մանվել Գրիգորյանի տներում, ինչպես նաև նրա որդուն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության տարածքում:

Մանվել Գրիգորյանի փաստաբան Բաղդասարյանի խոսքով, այն քաղաքական, հասարական մթնոլորտը, որ ձևավորվել է իր պաշտպանյալի շուրջը, չի կարող բարենպաստ անդրադառնալ գործի օբյեկտիվ քննության վրա․ - «Բա վաղը որ պարզվի, որ այդ գործողությունը այլ ֆորմատով ա եղել, որ դրա կրողը միգուցե, օրինակ եմ բերում, չեմ ուզում ուղղորդել նախաքննությանը, դրա կրողը միգուցե Պաշտպանության նախարարությունն էր․․․ Էդ դեպքում ի՞նչ ենք ասելու: Ինչո՞ւ ենք մենք խանգարում, ինչի՞ չենք ցանկանում, որպեսզի գնա օբյեկտիվ քննություն, իրականությունը պարզվի: Ուրիշ բան ասեմ․ նմանօրինակ երևույթի կրողը միայն Մանվել Գրիգորյա՞նն է եղել մեր երկրում: Համակարգն էր այդպես, դրա պատճառահետևանքային կապը պետք ա տեսնել»:

«Մանվել Գրիգորյանը անուններ տալու ո՛չ խնդիր ունի, ո՛չ էլ ցանկություն ունի», - շարունակեց փաստաբանը։ - «Մանվել Գրիգորյանը էսօր ընդամենը ցանկանում ա, որպեսզի գնա օբյեկտիվ քննություն»:

Լևոն Բաղդասարյանն այսօր նաև բաց նամակով դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդգծելով, որ վարչապետի յուրաքանչյուր հայտարարություն հասարակության մոտ որպես 100 տոկոսանոց ճշմարտություն է ընկալվում՝ փաստաբանը հորդորում է վարչապետին կոչ անել ժողովրդին դադարեցնել հաշվեհարդարի կոչերը Գրիգորյանի, նրա ընտանիքի, մերձավորների, ինչպես նաև փաստաբանների նկատմամբ, հանձնարարել համապատասխան մարմիններին տալ բժշկական օբյեկտիվ եզրակացություն Գրիգորյանի առողջության վերաբերյալ:

Նաև ակնակալում վարչապետի ներողությունը Մանվել Գրիգորյանից՝ արժանապատվությունը վիրավորելու համար․ - «Հաշվի առնելով, որ Մանվել Գրիգորյանին հրապարակայնորեն մեղադրել եք մի բանում, որը պետք է ապացուցվի միայն դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, որը Ձեր հայտարարության պահին բացակայել է, որով վիրավորել և զրպարտել եք Մանվել Գրիգորյանի պատիվն ու արժանապատվությունը՝ հրապարակային ներողություն խնդրեք Մանվել Գրիգորյանից: Եթե անձը մեղադրվում է առերևույթ ծանր հանցագործություն կատարելու մեջ, և դա երկրի առաջին դեմքի կողմից հրապարակայնորեն հայտարարվում է, որից հետո պետական լիազոր մարմինները լծվում են Ձեր ասածը սրբագրելու, ապա փաստում եմ, որ Հայաստանում նմանօրինակ հնչեղ գործերով չի կարող լինել արդարադատություն»:

Անդրադառանալով Գլխավոր դատախազի այն հիմնավորմանը, թե Մանվել Գրիգորյանն ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությանը, փաստաբանն ասաց, որ այսօր պետական լիազոր մարմիններն ունեն բոլոր հնարավորությունները ինչպես թույլ չտալու Գրիգորյանին երկրից հեռանալու, այնպես էլ իրականացնելու օպերատիվ-հետախուզական աշխատանքներ՝ եթե իր պաշտպանյալը կփորձի ուղղորդել երրորդ անձանց:

Դատախազությունից «Ազատությանը» հայտնեցին, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությանը վերաբերող հանգամանքը քննության ընթացքում կստուգվի: Ինչ խոշտանգան մասին հայտարարության առնչությամբ դատախազությունը ընդգծում է, որ դեպքի առթիվ պաշտոնական քննություն իրականացնելու պարտականությունը ծագում է այն պահից, երբ արվում է անձին խոշտանգելու վերաբերյալ ողջամիտ հայտարարություն կամ իրավասու մարմինն է նման տեղեկություն ձեռք բերում: Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ փաստաբանի հայտարարությունն իր վստահորդի խոշտանգման վերաբերյալ ողջամիտ, վստահելի չէ, քանի որ այն չի պարունակում խոշտանգմանը բնորոշ գործողությունների տարրեր:

XS
SM
MD
LG