Մատչելիության հղումներ

Մինսկի խումը ստեղծվել է բոլոր կողմերի համաձայնությամբ․ Լավրովի պատասխանը ադրբեջանցի լրագրողին


ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի և ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի համատեղ ասուլիսը, Մոսկվա, 21-ը հունիսի, 2018 թ․

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Մինսկում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հիշեցնենք՝ ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված են հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը: Թեև Մինսկի այսօրվա հանդիպմանը մասնակցում է նաև Արդբեջանի արտգործնախարարը, սակայն նրա և ՀՀ ԱԳ նախարարի առանձին հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։

«ԵՄ ԱլԳ անդամ երկրները պետք է զերծ մնան հակամարտության գոտում իրավիճակը սրող քայլերից»․ Մնացականյան

Հավաքին ունեցած իր ելույթում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին։ ՀՀ արտգործնախարարը նաև բարձր է գնահատել քաղաքացիական հասարակության «հետևողական ներգրավվածությունը» Արևելյան գործընկերության օրակարգային հարցերի շրջանակներում:

Զոհրաբ Մնացականյան, արխիվ
Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին: «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության հարցերը Հայաստանի համար գլխավոր առաջնահերթություններ են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, և դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։

Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջև շփումներին խոչընդոտելը պետք է հստակորեն մերժվեն»,- ասել է Զոհրաբյանը:

Իր ելույթում նա նշել է նաև՝ ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրները պետք է զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը հակամարտության գոտում։ Հիշեցնենք՝ ԱԳ ծրագրում ներգրավված Բելառուսը, որը նաև ՀԱՊԿ անդամ է, վերջերս սպառազինության հերթական խմբաքանակն է մատակարարել Ադրբեջանին:

Լավրովն անդրադարձել է ԼՂ խնդրին

Երեկ Մոսկվայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ համատեղ մամլո ասուլիսին Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր նաև ղարաբաղյան խնդրին։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ խնդրին առնչվող՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին վերաբերող հարցին, Լավրովը, մասնավորապես, ասել է. «Այդ բանաձևերն ընդունվել են ռազմական գործողությունների ժամանակ: Ձեռք առնված մի շարք միջոցների ու նաև դրանց շնորհիվ հնարավոր դարձավ կանգնեցնել արյունահեղությունն ու խնդիրը տեղափոխել քաղաքական երկխոսության դաշտ»:

Ապա ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է․ «Առանց բացառության հակամարտության բոլոր կողմերի համաձայնությամբ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում կողմերը համաձայնեցին լուծել բոլոր մնացյալ հարցերը: Դրանց թվում է տարածքների ազատագրման և քաղաքական կարգավորման հարցը` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման միջոցով: Այդ ժամանակվանից մենք բոլորս դրանով ենք զբաղված»:

ՌԴ արտգործնախարարը դարձյալ ընդգծել է՝ Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ունենալով Բաքվի և Երևանի լիակատար համաձայնությունը, աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ: «Իսկ որպեսզի հարցը կարգավորվի, անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի միջև կոնսենսուս լինի»,- ասել է Լավրովը, հավելելով՝ համոզված եմ, որ այդ ժամանակ կարգավորումը մոտ կլինի:

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայստանի և Արդեբեջանի արտգործնախարարների միջև դեռևս հանդիպում չի կայացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG