Մատչելիության հղումներ

Նորավանի համայնքապետը կասկածվում է 5.6 մլն դրամի խողովակներ յուրացնելու մեջ


Գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Սյունիքի մարզի Նորավան բնակավայրի վարչական ղեկավարը կասկածվում է 5․6 միլիոն դրամի խողովակներ յուրացնելու համար:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ հունիսի 11-ին Սյունիքի մարզի դատախազությունից ոստիկանության մարզային վարչության Սիսիանի բաժին է ուղարկվել Հայաստանի վարչապետին և գլխավոր դատախազին հասցեագրված քաղաքացու դիմումն այն մասին, որ Նորավանի վարչական ղեկավար Ս. Պ.-ն 2013-2017 թվականներին կատարել է յուրացումներ: Դիմումի կապակցությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ դեռևս 2009-ին Նորավան համայնքին վերադարձվել են մի քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված ընդհանուր 1721.2 մետր խողովակներ: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Նորավան համայնքի ղեկավար Ս. Պ.-ն 2014-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացրել է իրեն վստահված, համայնքի գույք հանդիսացող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 5 միլիոն 600 հազ. ՀՀ դրամ արժեքով վերոնշյալ խողովակները», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում երեկ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», ինչի համար սահմանված է 5-8 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG