Մատչելիության հղումներ

Արմավիրի քաղաքապետը հրաժարական է տալիս


«Քայլ անող արդար արմավիրցի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը բողոքի ակցիայի ժամանակ, Արմավիր, 21-ը հունիսի, 2018թ.

Ռուբեն Խլղաթյանը վաղաժամկետ դադարեցնում է Արմավիրի քաղաքապետի լիազորություններն՝ իր դիմումի համաձայն։ Այդ մասին Խլղաթյանն այսօր հայտարարել է Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջի, Միրիջանյանն այսօր հանդիպել է նախ Խլղաթյանի, այնուհետև Արմավիրի նախաձեռնող խմբի անդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին շրջանում Արմավիր քաղաքում ստեղծված իրավիճակը:

Մարզպետը հորդորել է կողմերին ցուցաբերել փոխադարձ հարգանք և զսպվածություն, միևնույն ժամանակ չխախտել հասարակական կարգը:

«Գագիկ Միրիջանյանը քաղաքապետի հետ քննարկել է նաև ներքաղաքային մի շարք հարցեր: Քննարկման արդյունքում Ռուբեն Խլղաթյանը հայտնել է մարզպետին իր սեփական դիմումի համաձայն քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին», - ասված է հաղորդագրությունում:

Արմավիրի քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցն այսօր կքննարկվի Արմավիր քաղաքի ավագանու արտահերթ նիստում:

Արդեն մի քանի օր է, Արմավիրում բողոքի ցույցեր են տեղի ունենում. մի խումբ բնակիչներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը։ Նրանք հայտարարում են, որ Խլղաթյանը՝ 14 տարի ղեկավարելով Արմավիրը, ոչինչ չի արել քաղաքի ու արմավիրցիների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG