Մատչելիության հղումներ

Արմավիրի մի խումբ բնակիչներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը


«Քայլ անող արդար արմավիրցի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը

Արդեն մի քանի օր է, որ Արմավիրի մի խումբ բնակիչներ պահանջում են քաղաքապետի հրաժարականը։ Դեռ ոչ այնքան մեծ քանակով, բայց երեկոյան ցույցեր են անում քաղաքի կենտրոնական հրապարակում, իսկ ցերեկային ժամերին իրենց բողոքի ձայնը բարձրացնում են բակերում ու փողոցներում՝ կոչ անելով «դուրս գալ ու տեր կանգնել» իրենց քաղաքին:

14 տարի ղեկավարելով Արմավիրը՝ Ռուբեն Խլղաթյանը ոչինչ չի արել քաղաքի ու արմավիրցիների համար՝ պնդում են քաղաքապետից դժգոհ բնակիչները։ Հին քաղաքապետին նորով փոխարինելուն կողմ է հատկապես ավագ սերունդը։ Քաղաքում լուսավորություն չկա, մեկ երկու փողոցից բացի մյուսները քարուքանդ են:

Արմավիրցիները մատնացույց են անում այս ու մյուս խնդիրներն ու ասում՝ Խլղաթյանը պետք է հեռանա։

«Մենակ ինքը իրա հարստությունն ա դիզում ու իրա ապագան ա ապահովում», - ասաց մի կին: - «Քաղաքը ծախե, կերել է»:

Ամենաանտեսվածները, այնպես են իրենց անվանում 108-րդ թաղամասի բնակիչները, ևս կողմ են Խլղաթյանի հեռանալուն։ Քաղաքապետարանից մոտ երոկւ կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս թաղամասը հասնելու համար պետք է անցել քարքարոտ, փոշոտ ու փոսերով այս ճանապարհը։ Տեղաբնակներն ասում են՝ 14 տարվա ընթացքում քաղաքապետը կարող էր գոնե հարթեցնել ու լուսավորել ճանապարհը, բայց ոչինչ չի արվել․ - «Ճանապարհ չունենք, ոռոգման ջուր չունենք, լուսավորություն չունենք, գիշերը ոչ մի էրեխա ռիկս չի անում հարևանի տուն գնա՝ վախենալով էդ վայրի շներից, գազաններից»:

14 տարի անտեսված խնդիրների հարցը քաղաքապետարանում կրկին բարձրացվեց մայիսի 10-ին։

«Քայլ անող արդար արմավիրցի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում պատվեց, որ հեղափոխությունից հետո այցելել են Խլղաթյանին, ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու աշխատել սկսելու համար 1 ամիս ժամանակ են տվել, սակայն ՀՀԿ-ական քաղաքապետը այդպես էլ ոչինչ չի արել․ - «Չկա տենց քաղաքացի, որ խնդիր չունենա: Մեր խնդիրը կապված չի անձնականի հետ, ընդհանուր խնդիր ա, որ Արմավիրը ցանկանում ենք լինի գեղեցիկ»:

Ցույց անող ու իր հրաժարականը պահանջող բնակիչների հետ քաղաքապետը չի շտապում հանդիպել: Հովհաննիսյանի խոսքով, նա միայն իր աշխատասենյակից լսում է ցուցարաների բողոքն ու փորձում դրանց արագ լուծում տալ։

37 հազար բնակչություն ունեցող Արմավիրի փողոցներում միայն օրերս են աղբամաններ տեղադրվել, այգին բարեկարգվել։ Ցուցարարի կարծիքով, սակայն, սրանք խաբուսիկ քայլերն են, իրական խնդիրներն ավելի շատ են ու հիմնարար մոտեցում պահանջող․ - «Մութ է, քաղաքում հնարավոր չի քայլել: Պատասխանեց, թե մեր բյուջեն ճեղքված է, եթե մենք լուսավորության հարցը լուծենք, վեց հատ մանկապարտեզ ենք փակելու: Բայց մենք նորմալ մանկապարտեզ էլ չունենք: Սեփական այգու ծառերը կտրում են, մեր վրա ծախում են, որ մեր երեխաները տաքանան: Խի էս ո՞ր թիվն ա․․․ Էդ ո՞ր մանկապարտեզում են փեջով տաքանում: Եթե մեր քաղաքապետը էդ խնդիրները պետք ա չլուծի, ո՞վ պետք ա լուծի»:

Քաղաքացիների մի մասը, սակայն, տեղյակ չէր, որ արդեն մի քանի օր շարունակ մյուս մասը քաղաքապետի հրաժարականն է պահանջում։ «Ազատության» հետ զրույցում ասացին՝ քաղաքապետից գոհ ենք։ Հարցին, սակայն, թե ինչ արել քաղաքի համար, կոնկրետ որևէ բան չկարողացան նշել:

«Մենք մեծ հույսեր ունենք, որ մեր նոր ընտրած վարչապետը կտա հնարավորությունները, և մեր քաղաքապետը խելացի մարդ է, կաշխատի հաստատ», - ասաց միջին տարիքի մի արմավիրցի:

Իրեն վերագրով մեղադրանքներին քաղաքապետն այսօր հակիրճ արձագանքեց՝ խոստանալով հարցին անդրադառնալ վաղը Արմավիրի ավագանու նիստի ընթացքում:

Ռուբեն Խլղաթյանի հետ զրուցեցինք հեռախոսով, սակայն վերջինս այդպես էլ չհստակեցրեց արդյոք պատրաստվում է հեռանալ պաշտոնից․ - «Արդյունքը երևում ա քաղաքի հրապարակում, որտեղ ձեր ասաց այդ քաղաքացիները արդեն 6-7 օր ա դուրս են գալիս և կոչեր են անում: Ամենաշատը հավաքվել են 25-30 հոգի, որոնցից առնվազն 10-12-ը Սարդարապատի ներկայացուցիչներ են, մնացածն էլ իրենք և իրենց ընտանիքի անդամները: Այսքանով ավարտեցինք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG