Մատչելիության հղումներ

Նեմցովի սպանության գործով քննչական նոր գործողություններ են իրականացվում. փաստաբան


Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով քննչական նոր գործողություններ են իրականացվում: Այս լուրը "Эхо Москвы" ռադիոկայանի հետ զրույցում հաստատել է փաստաբան Ռոզա Մագոմեդովան:

Անցած չորեքշաբթի ռուսական մամուլը գրել էր, որ Քննչական կոմիտեն փորձում է գտնել այն զենքը, որով սպանվել է Նեմցովը, ինչպես նաև պարզել սպանության պատվիրատուներին:

Հարցաքննությունների նպատակով կոմիտեի աշխատակիցներն այցել են Նեմցովի սպանության գործով դատապարտվածներին, որոնք պատիժը կրում են Ռուսաստանի չորս տարբեր կալանավայրերում։

Մամուլի տեղեկություններով՝ քննիչներին հետաքրքրում է նաև «Սևեր» գումարտակի նախկին հրամանատար Ռուսլան Գերմեևի հնարավոր առնչությունը Նեմցովի սպանությանը:

Նեմցովի ընկերները գտնում են, որ Գերմեևը սպանության կազմակերպիչներից մեկն է: Կասկածվում է, որ նա թաքնվում է Չեչնիայում:

Նոր հարցաքննությունների մասին Քննչական կոմիտեն չի տեղեկացրել Նեմցովի դստեր փաստաբաններին:

Փաստաբան Վադիմ Պրոխորովը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ իրենք միջնորդություն են ներկայացրել, բայց պատասխան են ստացել, թե նման անհրաժեշտություն չկա, քանի որ որևէ նորություն չկա:

Փաստաբանը կասկածում է, թե Նեմցովի սպանության գործը վերաբացվում է: Նա ասել է, որ սպանությունն իրականացնողների գործն ուղարկվել է դատարան, իսկ կազմակերպիչների մասով գործը շարունակվում է, ուստի դա նոր հետաքննություն չէ։ Փաստաբանը նշել է, որ պաշտպանական կողմն այդ մասին տեղեկացված չէ:

Բորիս Նեմցովը սպանվել է 2015-ի փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում: 2017-ին Մոսկվայի զինվորական շրջանային դատարանը երկարատև ազատազրկման դատապարտեց սպանությունը իրականացնելու և անմիջական առնչություն ունենալու մեջ մեղադրվող հինգ չեչենների:

Սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Զաուր Դադաևը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, հանցակիցներ ճանաչված Գուբաշև եղբայրները դատապարտվել են 19 և 16 տարվա ազատազրկման, Թեմիրլան Էսկերխանովը՝ 14 տարվա, Խամզատ Բախաևը՝ 11 տարվա ազատազրկման:

Բորիս Նեմցովի սպանության պատվիրատուն մինչ օրս հայտնաբերված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG