Մատչելիության հղումներ

Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և ժողովրդի հաշտեցման գործընթաց. Փաշինյան


Այսօր Հայաստանում տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության ժողովրդի հաշտեցման գործընթաց, երեկ ոստիկանության զորքերի կազմավորման 26-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ընդգծելով, որ պատմության մեջ եղել են էջեր, որոնք լրջագույն անդունդ են ստեղծել ժողովրդի և ոստիկանության զորքերի միջև, Փաշինյանը հայտարարեց՝ իրենց գործունեության առաջնահերթությունն այդ անդունդը վերացնելն է։

«Այսօր, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում պատմական մի գործընթաց, տեղի է ունենում իրավապահ համակարգի և հանրության, ժողովրդի հաշտեցման մի գործընթաց, որովհետև դուք գիտեք, որ, ցավոք սրտի, մեր պատմության մեջ եղել են էջեր, որոնք լրջագույն անդունդ են ստեղծել ժողովրդի և ոստիկանության, ժողովրդի և ոստիկանության զորքերի միջև։ Մեր գործունեության առաջնահերթությունն է այդ անդունդը վերացնելը, այդ անդունդը փակելը, այդ անդունդների վրա կամուրջներ կառուցելը, որպեսզի ժողովուրդը և ոստիկանությունը, ժողովուրդը և ոստիկանության զորքերը լինեն միասնական, լինեն գծերի նույն կողմում, ծառայեն միևնույն նպատակներին», - ասաց վարչապետը։

Նա հայտարարեց՝ «մենք բոլորս ծառայում ենք հայ ժողովրդին»։

«Ոստիկանության զորքերը մինչև այժմ հիմնականում ընկալվել են քաղաքական գործառույթների համատեքստում, բայց ես ուզում եմ ընդգծել, որ ոստիկանության զորքերը լրջագույն գործառույթ ունեն հանցավորության դեմ պայքարում, մարդու իրավունքների պաշտպանության գործում, հասարակական անվտանգության պաշտպանության գործում։ Ես համոզված եմ, որ այս նոր իրավիճակում ոստիկանության զորքերը լինելու են այս գործառույթների շրջանակներում։ Ես ուզում եմ ընդգծել ևս մի կարևոր հանգամանք՝ որևէ մեկի մոտ, որևէ կասկած չպետք է լինի, որ ոստիկանության զորքերն անհրաժեշտության դեպքում օրենքով և Սահմանադրությամբ սահմանված դեպքերում լիարժեք, վճռականորեն, օրենքի սահմաններում քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար կկատարեն իրենց գործառույթները վճռականորեն լիարժեք և անմնացորդ։ Մենք բոլորս ծառայում ենք հայ ժողովրդին», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG