Մատչելիության հղումներ

Մնացականյանը հանդիպել է Մոգերինիին, հանգամանալից ներկայացրել է վերջին զարգացումները Հայաստանում


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Եվրամիության բարձր ներկայացուցիչը նշել է, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների, առաջին հերթին` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է Եվրոպական միության հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը և վերահաստատել այն առավել ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, ինչն ամրագրված է կառավարության ծրագրում։ Մնացականյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Հայաստանի համար այս նշանակալի ժամանակահատվածում Գործընկերության խորհրդի նիստի գումարումը հնարավորություն է ընձեռում անմիջական մտքերի փոխանակում ծավալել Հայաստան-Եվրամիություն համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Նա նաև ընդգծել է, որ սա առաջին հանդիպումն է, որը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանալից անդրադարձ է կատարելու դրա դրույթների իրագործմանը։

Զոհրաբ Մնացականյանը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն՝ արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կառուպցիայի սպառնալիքներին և մարտահրավերներին։ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով։

Այս համատեքստում ԵՄ բարձր հանձնակատարը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում, միաժամանակ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Այս առնչությամբ Մնացականյանը կարևորել է Հայաստանի համագործակցությունը գործընկերների հետ՝ ներառյալ Եվրոպական միության՝ կառավարության բարեփոխումներին ուղղված գործողություններն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ։

Մնացականյանը և Մոգերինին վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու և ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցերի՝ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի, շարժունակության, մարդու իրավունքների, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցության շուրջ։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների ու խնդիրների շուրջ՝ հատուկ շեշտելով այն հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության օրակարգում։ Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության այն ոլորտներին, որոնք հնարավորություն կընձեռեն համատեղ աշխատել այդ մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ֆեդերիկա Մոգերինիին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ այս համատեքստում վերահաստատելով Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես՝ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Բանակցային գործընթացի առաջմղման համատեքստում Մնացականյանն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի և նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարևորությունը։

Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG