Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանից երբևէ օժանդակություն չենք ստացել․ ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ


ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյան

Երկրապահ կամավորականների միության Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանը պնդում է՝ ավելի քան 10 տարի իրենց կենտրոնական գրասենյակից ֆինանսական օժանդակություն չեն ստացել։ Մարզերում ազատամարտիկների ընտանիքներին օգնելու կամ կազմակերպությունում ծագած խնդիրները լուծելու ամբողջ ծանրությունը միայնակ են կրել՝ տարբեր բարեգործներից գումար խնդրելով:

«Մանվել Գրիգորյանի ղեկավարման տարիներին երկրապահի վարչությունը ոչ մի բանով տարածքային բաժանմունքներին և մարզային կառույցներին տեր չի կանգնել։ Մուրացկանի կարգավիճակ ունեցող երկրապահը դա երկրապահ չի։ Անընդհատ ինչ-որ մեկից ինչ-որ բան խնդրելով, ինչ-որ մեկից ինչ-որ բան ստանալով չի լինում երկրապահ։ Էդ ֆոնդերից, էդ գումարներից ոչ մեկս տեղյակ չէինք»,- ասում է Կամո Հովհաննիսյանը:

ԵԿՄ-ի կայքն այս պահին համացանցում հասանելի չէ և հնարավոր չէ տեսնել՝ արդյո՞ք հասարակական կազմակերպությունը երբևէ ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել ստացած նվիրատվությունների մասին: ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահն ասում է՝ ավելի քան 10 տարի ինքը միության վարչության անդամ է, սակայն տեղյակ չի եղել, թե որքան փոխանցումներ են արվել միության հաշվին կամ ինչի վրա են ծախսվել կազմակերպության փողերը։

«Ես լինելով վարչության անդամ՝ տեղյակ չէի, թե ինչքան գումար ա մտնում, ինչքան ա դուրս գալիս և ինչքան ա ծախսվում։ Մենք էինք հաշվետվություններ տալիս տարվա կտրվածքով, իսկ իրանք կարդում էին: Ասենք՝ համագումարից համագումար, երկու տարին մեկ: Կարդում էին էդ թվերը, ներկայացնում էին: Լավ թվեր էին, սիրուն, շատ մեծ թվեր»,- շարունակում է Հովհաննիսյանը:

Նա պատմում է, որ ապրիլյան պատերազմին 247 լոռեցի կամավոր է մասնակցել։ Այդ օրերին ԵԿՄ Լոռու մարզային խորհուրդն էլ մեծ չափով օգնություններ է հավաքել։ Առաջին երկու օրերին մարտական գործողություններին մասնակցող զինվորներին և նրանց ընտանիքներին հասցեագրված օգնությունները ստանալու և տեղ հասցնելու գործը լոռեցի երկրապահներն են իրականացրել, դրանից հետո՝ մարզպետարանն ու եկեղեցին են ստանձնել այդ պարտավորությունը։

Կամո Հովհաննիսյանը չի թաքցնում՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի հետ կոնֆլիկտ են ունեցել, տհաճ խոսքուզրույց է եղել՝ երկրապահներին ըստ արժանվույն պատվի չարժանացնելու համար։ Բայց դա չի խանգարել, որ մարզպետարանը կատարի ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հրահանգը։

«Մանվել Գրիգորյանը զանգել էր բոլոր մարզպետներին, որ բոլոր մարզային և քաղաքային կառույցների համար գնեն տրասպորտային միջոց։ Որոշակի կոնֆլիկտից հետո մարզպետարանը որոշեց գնել մի հատ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։ Գնել էին այդ ՈւԱԶ-ը, բայց քանի որ իմ հետ և մեր տղաների հետ ունեին կոնֆլիկտ, էդ մեքենան միանգամից տարան տվեցին Մանվել Գրիգորյանին։ Հետագայում կարող ա էդ ավտոն էլ նույն կերպ հայտնվեր այդ գարաժում»,- ասում է ԵԿՄ Լոռու մարզային խորհրդի նախագահը:

Տարիներ շարունակ նաև իրենց կողմից հերոսացված գեներալի հետ կապվող՝ խոշոր յուրացումներին առնչվող սկանդալը ԵԿՄ Լոռու մարզային խորհրդում ևս խայտառակություն են համարում։ Գրասենյակից արդեն հանել են գեներալի լուսանկարը․ «Հանել եմ, չեմ ժխտում»։ Ամենամեծ վիրավորանքն էլ համարում են դպրոցականների նամակների հետ կապված պատմությունը։ Կամո Հովհաննիսյանն ասում է, որ դրանք պատերազմի մասնակիցների համար «սուրբ գրքի» նշանակություն ունեին։

«Դա մեր Աստվածաշնչի էջերի նման թղթեր էին, ո՞նց կարելի էր դա արջին տալ։ Չի կարելի արյունով վաստակած անուններ ջնջել, թքել, կեղտոտել, հարամել, չի կարելի»,- վրդովվում է Կամո Հովհաննիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG