Մատչելիության հղումներ

ԱԺ 4 խմբակցությունները պատրաստ են սկսել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները


Ազգային ժողովի շենքը Երևանում, արխիվ

Ազգային ժողովի բոլոր 4 խմբակցությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամություն են հայտնում:

«Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և ելնելով քաղաքական լուծումներ տալու անհրաժեշտությունից` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված 4 խմբակցությունները հայտարարում են, որ պատրաստակամ են սկսել քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, ձևավորել աշխատանքային խումբ` յուրաքանչյուր խմբակցությունը ներկայացնող քաղաքական ուժից երեքական ներկայացուցիչ ձևաչափով», - ասված է խմբակցությունների համատեղ հայտարարությունում, որ հրապարակել է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Աշխատանքային խումբը պատրաստակամություն է հայտնում համագործակցել կառավարության աշխատանքային խմբի լիազոր ներկայացուցիչների հետ (երեք ներկայացուցիչ): «Քննարկումների հետագա աշխատանքն այլ շահագրգիռ դերակատարների հետ, ժամանակացույցը, պարբերականությունը կհաստատվեն աշխատանքային խմբի առաջիկա քննարկումների ընթացքում», - ասված է հաղորդագրությունում:

ԱԺ խմբակցությունների ձևավորած աշխատանքային խմբի անդամներն են` Հանրապետական խմբակցությունից՝ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը և Վիգեն Սարգսյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը և Գևորգ Պետրոսյանը, «Ելք» խմբակցությունից՝ Էդմոն Մարուքյանը, Լենա Նազարյանը և Գրիգորի Դոխոյանը, ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից՝ Արմեն Ռուստամյանը, Սպարտակ Սեյրանյանը և Լուսինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ երկուշաբթի օրը Ազգային ժողովի նախագահը դիմել էր խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձևավորել աշխատանքային խումբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա որոշմամբ էլ ստեղծվել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG