Մատչելիության հղումներ

Զորամասի հրամանատարը մեղադրվում է շորթմամբ կաշառք ստանալու մեջ․ ՔԿ


Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայաստանի ՊՆ N զորամասի հրամանատարին՝ կոչումով փոխգնդապետ, շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ զորամասի հրամանատարը 2016- 2018 թվականների ընթացքում կաշառքի շորթմամբ անհատ ձեռնարկատիրոջ օգտին գործողություններ կատարելու համար պարբերաբար ստացել է գումար, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի, պարզվել է, որ փոխգնդապետը 2016-ի ամռան ամիսներին զորամասի տարածքում գործող ՓԲԸ-ի խանութ-թեյարանում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատիրոջից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն տալ գումար՝ որպես կաշառք, սակայն վերջինս հրաժարվել է, որից հետո սպան սպառնացել է վերադաս հրամանատարության միջոցով դադարեցնել խանութ-թեյարանի գործունեությունը և արգելել նրա մուտքը զորամաս, ինչի պատճառով 2016-ի սեպտեմբերի 1-ից 30-ը խանութ-թեյարանի գործունեությունը կասեցվել է:

Անհատ ձեռնարկատերը խանութ-թեյարանի բնականոն գործունեությունը շարունակելու համար պարտադրված համաձայնության է եկել փոխգնդապետի հետ և 2016-ի հոկտեմբերից մինչև 2018-ի հունիս յուրաքանչյուր ամիս ինչպես բանկային փոխանցման միջոցով, այնպես էլ առձեռն գումար է փոխանցել զորամասի հրամանատարին, ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը», նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG