Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախկին նախագահը հայտնվել է սկանդալի կենտրոնում


Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաև, հունիս, 2018թ․
Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաև, հունիս, 2018թ․

Ղրղըզստանում նախկին վարչապետի ձերբակալությունից հետո այժմ էլ սկանդալի կենտրոնում է հայտնել նախկին նախագահը: Ալմազբեկ Աթամբաևը, ով պաշտոնավարել է 2011-2017 թվականներին, կասկածվում է Ռուսաստանից և Միացյալ Նահանգներից Ղրղըզստանին որպես օգնություն ուղարկված ռազմական ուղղաթիռները Աֆրիկային վարձակալությամբ հանձնելու գործարքին մասնակցելու մեջ, հաղորդում է «Ազատության» ղրղըզական ծառայությունը:

Անցյալ շաբաթ երկրի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Կանըբեկ Իմանալիևը հայտարարել է, որ գործարքը ապօրինի է և համարվում է հանցագործություն: Պատգամավորի տվյալներով՝ Աթամբաևի վարչակազմը չորս ռազմական ուղղաթիռները պատերազմական գոտի համարվող Ուգանդային և Սոմալիին վարձակալությամբ հանձնելու մասին գործարք է կնքել:

Ղրղըզստանի զինված ուժերի գլխավոր շտաբը շտապել է հերքել այդ հայտարարությունները՝ պնդելով, թե պատգամավորի մատնանշած ուղղաթիռները երկրի տարածքը չեն լքել:

Վարչապետ Մուհամետկալի Աբուլգազիևն էլ, իր հերթին, խոստացել է ստուգել իրարամերժ այդ հայտարարությունները:

«Ազատության» ղրղըզական ծառայությունը հրապարակել է ուղղաթիռները Ուգանդային փոխանցելու մասին նախագահական հրամանագիրը՝ 2014 թվականի այդ փաստաթղթի տակ դրված է Ալմազբեկ Աթամբաևի ստորագրությունը: Աղբյուրը հիշեցնում է, որ այդ ժամանակահատվածում նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժինը ղեկավարում էր Սապար Իսակովը, ով մի շարք այլ նախկին պաշտոնյաների հետ վերջին օրերին ձերբակալվել է, սակայն՝ կոռուպցիոն մեկ այլ գործի շրջանակում:

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում ղրղըզստանցի պատգամավորները, որոնք նախընտրել են չներկայանալ, պնդում են, որ ռազմական ուղղաթիռների վարձակալության գործարքին մասնակցել են հենց նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Սապար Իսակովը:

Նախկին նախագահը դեռևս չի մեկնաբանել, նրա գլխավորած կուսակցության խոսնակ Կունդուզ Ժոլդուբաևը, մինչդեռ, կեղծ է որակել հնչող այդ մեղադրանքները:

«Ազատության» ղրղըզական ծառայությունը նշում է, որ աղմկահարույց այս գործարքի շուրջ բուռն քննարկումները տեղի են ունենում գործող ու նախկին իշխանությունների միջև սուր առճակատման ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG