Մատչելիության հղումներ

«Երբ հասկացա, որ այդ նամակները տեղ չեն հասել, շատ հուսահատվեցի»


«Սիրելի զինվոր, ամեն անգամ ես աղոթում եմ քո կյանքի համար: Խնդրում եմ Աստծուն, որ քեզ հետ լինի, և դու կատարես քո սրբազան պարտքը և ողջ ու առողջ տուն վերադառնաս»:

11-ամյա աղջնակն այս նամակը ապրիլյան պատերազմի օրերին էր գրել, առաջնագիծ էր ուղարկել ու երկու տարի այդպես էլ պատասխան չէր ստացել։ Միայն երեկ՝ Տաթևիկն ու իր համադասարանցիները լուրերից իմացան՝ դեռ 3-րդ դասարանում գրված նամակները ոչ թե Ղարաբաղ են ուղարկվել, այլ հայտնվել են գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան պահեստում։

Երևանի թիվ 164 դպրոցի աշակերտուհիներից է Տաթևիկ Մղդեսյանը, տեսածից ու լսածից հուզվել է․ - «Ես էդ վիդեոներից մեկը նայեցի և տեսա, որ այնտեղ իմ նամակն էր: Այնտեղ ես տեսա նաև իմ դասարանցիների նամակները: Սկզբում ես մտածեցի, որ այդ նամակները հասել են տեղ: Բայց հետո, երբ կրկին նայեցի, հասկացա, որ այդ նամակները չեն հասել հասցեատիրոջը, և շատ հուսահատվեցի»:

Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութում, ամենաազդեցիկը, թեև, աշակերտների նամակներն էին։ Դրանք իրավապահները հայտնաբերել էին սննդով ու հիգիենայի պարագայով լի արկղերի միջից։ Թիվ 164 դպրոցը 2016 թվականին սահմանին կռվող զինվորներին նման 10 արկղ էր ուղարկել։

Դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանն ասում է, որ ուսուցիչներով 200 հազար դրամ էին հավաքել, գնումներ արել ու բանակին հասցեագրված օգնությունը հանձնել Պաշտպանության նախարարության աշխատակցին․ - «Պաշտպանության նախարարության աշխատակիցը «Զինուժ» հաղորդման օպերատորի հետ եկել էր մեր դպրոց, և դպրոցում մենք հանձնել ենք իրենց, տեղադրել են մեքենայի մեջ և տարել են այդ տասը արկղը: Այսօր էլ ուզում եմ հավատալ, որ Պաշտպանության նախարարությունը, այնուամենայնիվ, մեր արկղերը ուղարկել է: Թե ճանապարհին ինչպես է ուղղությունը փոխվել, դա չեմ կարող հասկանալ»:

Զինվորին հասցեագրված օգնությունը գերենալի պահեստում տեսնելը տհաճություն է պատճառել դպրոցի աշխատակիցներին ու ծնողներին։ Տնօրենն ասում է, որ իրավապահներն արդեն եղել են դպրոցում, ցուցմունք վերցրել կազմակերպիչներից։ Նրանց են փոխանցել բոլոր փաստաթղթերը, անգամ Պաշտպանության նախարարության գեներալի շնորհակալագիրը, որը տրվել էր դպրոցին նման նախաձեռնության համար։

Դեղորայք, քաղցրավենիք, ծխախոտ, ներքնաշոր ու հիգիենայի պարագաներ․ այս իրերով բարձված 25 մեծ արկղ էլ 2016-ի մայիսին Երևանի թիվ 50 դպրոցն էր սահման ուղարկել։

Դպրոցի ուսուցիչներից Օվսաննա Հարությունյանն ասում է՝ երբ երեկ տեսավ, որ իրենց դպրոցի արկղերն էլ են Մանվել Գրիգորյանի տանը հայտնվել, հուզմունքը զսպել չկարողացավ․ - «Բանից պարզվում է, որ մեր երկրում կան իրենց գեներալ հռչակած մարդիկ, որոնք կարող են ուտել սոցիալապես անապահով ապրող ընտանիքների կոպեկներով հավաքած մթերքը և, որ սարսափելի է, մարդկության բանականության մեջ չտեղավորվող փաստ՝ զինվորի բաժինը: Այն զինվորի, որ այդ նույն գեներալին օր ու գիշեր պահում-հսկում է»:

Երեկվանից դպրոցում բոլորը ցնցված են։ Ուսուցիչները չգիտեն ինչպես նայել աշակերտների աչքերին ու բացատրել կատարվածը։ Հատկապես, երբ իրենց նվիրատվությունը ենթադրաբար յուրացնողը իր պատվավոր տեղն ունի դպրոցի հուշատախտակին՝ արցախյան հերոսների շարքում։

«Սա ստորությունը է», - ասաց ուսուցչուհի Ռուզաննա Մանուչարյանը: - «Ո՞նց կարելի ա զինվորի հացը ուտել»:

«Աշակերտ ունենք, որ նույնիսկ ոտաբոբիկ է դասի գալիս: Բայդ երեխան իրա բերանից կտրելով բերել ա, ասենք, որպեսզի օգնի», - հավելեց մեկ այլ ուսուցչունի՝ Անահիտ Սարգսյանը:

Դպրոցի ուսուցչական անձնակազմը պատմեց, որ սահման հասցնելու նպատակով արկղերը պետք է փոխանցեին այդ օրերին Մաշտոցի պուրակում բարեգործական հավաք կազմակերպած անձնանց։ Սակայն չգիտես ինչու աշակերտների նվերը եկել ու տարել են Երկրապահ կամավորական միությունից, որի նախագահն է Մանվել Գրիգորյանը։

Թե ինչու այդպես ստացվեց, ըստ ուսուցիչների, գիտեր միայն դպրոցի նախկին տնօրենը:

Վստահ էինք, որ երկրապահը արկղերը առաջնագծի զինվորների կհասցնի՝ ասում են ուսուցիչները։ Նրանցից շատ, սակայն, այսօր հիասթափված են աշակերտները։ 8-րդ դասարանցիները պատմեցին, ոչ միայն իրենց նվերները տեղ չհասան, այլև նամակները չկարդացված մնացին։

XS
SM
MD
LG