Մատչելիության հղումներ

Վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից․ Արմեն Աշոտյան


Արմեն Աշոտյան, արխիվ
Արմեն Աշոտյան, արխիվ

ՀՀԿ փոխնախագահի կարծիքով, վարչապետը հրապարակային և հանրային ճնշում է ձևավորում գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման հարցով:

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը անդրադարձել է հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալմանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ «վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով»։

«Բարձր եմ գնահատում ՀՀ վարչապետի անմիջականությունը և կոռուպցիայի դեմ պայքարի վճռականությունը։

Պարզապես հիշեցնեմ, որ այդ ամենը պետք է իրականացվի Հայաստանի Սահմանադրության և օրենքների շրջանակներում։ Աշխարհի բոլոր մեղքերի մեջ կարելի է մեղադրել, անգամ նյութեր նախապատրաստել, նաև վստահ լինել, գուցե ապացուցել, բայց...ՕՐԵՆՔՈՎ», - գրել է Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում։

«Երկրի օրենքների գերակայությունը, մասնավորապես, ԱԺ պատգամավորի ձերբակալության ընթացակարգի մասով, գերակա է։ Չեմ խոսում դեռ այն մասին, որ վարչապետը առաջ է ընկնում իրավապահ մարմնից և դատարանի նիստին զուգահեռ փաստացի հրապարակային և հանրային ճնշում ձևավորում այս հարցով։

Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ, այլ երկրի Սահմանադրությունը։ Թող հայտնաբերվեն մեղավորները, թող կրեն իրենց պատիժը, բայց թող հաղթի ՕՐԵՆՔԸ։

Ընտրովի արդարությունը, հատվածական օրինականությունը և սեփական ընկալումները պետությունից վեր դասելը ոչ մի լավ տեղ չեն տանում», - եզրափակել է ՀՀԿ փոխնախագահը։

Հիշեցնենք, հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց որ գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է:

«Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք», - ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում:

ՀՀԿ-ն ապօրինի էր որակել Գրիգորյանի ձերբակալումը, Մանվել Գրիգորյանն այսօր դատարանում բողոքարկում է այն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ Գրիգորյանի ձերբակալումը կապված չէ միայն ապօրինի զենք, զինամթերք պահելու հետ, «այլ կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել Ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունը յուրացնելու և գողանալու մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG