Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը բողոքարկում է իր ձերբակալման որոշումը


Մանվել Գրիգորյան, արխիվ

Նորքի դատարանում քիչ անց քննվելու է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ներկայացրած բողոքը, կապված իր ձերբակալության հետ։ Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը, «Ազատությանը» տեղեկացրեց, որ բողոքարկել են ԱԱԾ գործողությունները, խուզարկություններն ու Մանվել Գրիգորյանին ձերբակալելու որոշումը։

Ձերբակալված պատգամավորի աջակիցները այսօր վաղ առավոտից վերսկսել են իրենց բողոքի ակցիաները ԱԱԾ շենքի առջև: Նրանք մի քանի րոպե փակեցին Նալբանդյան փողոցը, ինչի ընթացքում տեղի ունեցավ ընդհարում ոստիկանության հետ։

Գրիգորյանի գլխավորած «Երկրապահ կամավորական միության» անդամները և այլ ցուցարարներ, որոշեցին բողոքի ակցիան շարունակել Նորքի դատարանի առջև։ Նրանք այս պահին դատարանի բակում սպասում են նիստի մեկնարկին։ Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ միջնորդել են, որպեսզի Մանվել Գրիգորյանը բերվի դատարան և մասնակցի նիստին:

Մանվել Գրիգորյանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր է: Հանրապետականը ապօրինի է որակել Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և հորդորել է ազատ արձակել նրան:

Հիշեցնենք, հունիսի 14-ից Էջմիածնում հանրահավաքներ էին ընթանում՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի և նրա որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի: Ցուցարարները փակում էին փողոցներ, պահանջում էին, որպեսզի քաղաքապետը հրաժարական տա: Նրանք հայտարարում էին, թե Գրիգորյանները տարիներ շարունակ անուշադրության են մատնել քաղաքի խնդիրները:

Ըստ մամուլի, հանրահավաքների կազմակերպիչը գործարար Արթուր Ասատրյանն էր (մականունը՝ «Դոն Պիպո»), ով ներկա էր հանրահավաքներին: Նրա «Արթուր Ասատրյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Սերգոյանը ներկայանում էր որպես հունիսի 14-ի հանրահավաքի կազմակերպիչ:

Այս իրադարձություններին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը ֆեյսբուքյան էջում․ - «Անընդունելի է, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները և հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում: Թույլ չենք տա»:

Հունիսի 16-ին Էջմիածնում հանրահավաք անցկացրեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նրա աջակիցները հայտարարում էին, թե իրենց «քաղաքապետը Կարենն է»: Գիրգորյանն իր հրաժարականը պահանջողներին առաջարկեց հաշտություն կնքել քաղաքում վաղուց ի վեր տեղադրված «հաշտության նստարանի» մոտ։ Ասաց՝ իր սկզբունքները մի կողմ դնելով, պատրաստ է հաշտության ձեռք մեկնել, սակայն ընդդիմախոսները մերժեցին:

Հունիսի 16-ի երեկոյան էլ Ազգային Անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդեց, որ Արթուր Ասատրյանը (մականունը՝ «Դոն Պիպո») և գեներալ Մանվել Գրիգորյանը բերման են ենթարկվել և ձերբակալվել են: Ըստ հաղորդագրության՝ ԱԱԾ աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, Էջմիածին քաղաքում, երկու տարբեր քրեական գործերով, միաժամանակ իրականացրել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG