Մատչելիության հղումներ

Էջմիածնի քաղաքապետը հաշտության ձեռք է մեկնում, ընդդիմախոսները հրաժարվում են ընդունել այն


Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան, Երևան, 16-ը հունիսի, 2018 թ․
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյան, Երևան, 16-ը հունիսի, 2018 թ․

«Ժողովրդի լեզվով ասած՝ սա մի գոլանի ֆուտբոլ չի, սա Հայաստանի Հանրապետությունն է, որտեղ դաբրոներ գոյություն չունեն, մի դաբրո կա՝ ժողովրդի քվեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով, հիշեցնենք՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: Նա ասաց նաև, թե ինքն այդ պաշտոնում ընտրվել է ժողովրդի կողմից:

Արդեն երրորդ օրն է Էջմիածնի քաղաքապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են կազմակերպվում, ճանապարհներ են փակվում։ Կարեն Գրիգորյանի խոսքով՝ այդ ցույցերը մի քանի անձանց կողմից են ուղորդվում, ովքեր իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում։ «Ելույթ ունեցողների մեղադրանքների վիրավորական մասը հանում եմ, չորս հարց է մնում»,- ասաց քաղաքապետը, հիշատակելով դրանցից մի քանիսը՝ չկա նորոգված մանկապարտեզ, հիվանդանոցը գոմ է հիշեցնում և այլն: Գրիգորյանի խոսքով՝ շատ հարցեր քաղաքապետարանի իրավասությունից դուրս են, «ի՞նչ կարա անի քաղաքապետը»:

«Ազատության» հարցին՝ իր հրաժարականը պահանջելով ի՞նչ նպատակ են հետապնդում ընդդիմախոսները, Կարեն Գրիգորյանը պատասխպանեց՝ ճշմարտությունը չի բացահայտի՝ իրավիճակն ավելի չսրելու համար։ Էջմիածնի քաղաքապետն իր հրաժարականը պահանջողներին առաջարկեց հաշտություն կնքել քաղաքում վաղուց ի վեր տեղադրված «հաշտության նստարանի» մոտ։ Ասաց՝ իր սկզբունքները մի կողմ դնելով, պատրաստ է ձեռք մեկնել։

«Պարոն Արթուր Թումանյան, պարոն Հակոբ Հակոբյան, պարոն Ստեփան Աբգարյան, դուք էջմիածինցիներ եք, խնդրեմ, եկեք հաշտության: Սա հոգևոր կենտրոն է, չի կարելի թույլ տալ՝ սրել, սադրել, հասցնել, «մարտի 1»-ի: Սա իմ սկզբունքին դեմ է, բայց ես եմ առաջինը ձեռք մեկնում»,- ասաց Էջմիածնի քաղաքապետը:

Բողոքի ցույցերը, սակայն, էջմիածնում չեն դադարում։ Էջմիածնի բնակիչներն այսօր առավոտից փակել են քաղաքի բոլոր կենտրոնական փողոցներն ու «Կարեն հեռացիր» կարգախոսով երթեր են անցկացնում։ Ակտիվիստներ Սարգիս Մանուկյանն ու Արսեն Նիկողոսյանն «Ազատության» հետ զրույցում ասացին, թե ժողովրդի պահանջն անփոփոխ է, և իրենք հաշտության գնալ չեն պատրաստվում։ Բախումներից խուսափելու համար էլ ժամը 17:00-ից կտեղափոխվեն քաղաքի այլ հատված, որպեսզի չհանդիպեն Կարեն Գրիգորյանի կողմնակիցներին։ Գրիգորյանի կողմնակիցները ևս այսօր այդ ժամին ցույց են անցկացնելու:

Ազգային անվտանգության ծառայությունն, ի դեպ, այսօր օպերատիվ գործողություններ է իրականացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի տանը։ ԱԱԾ-ից հայտնեցին, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական պարզաբանմամբ: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան, Կարեն Գրիգորյանն ասաց՝ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել ոչ միայն իրենց ընտանիքին պատկանող առանձնատանը, այլև իր ընդդիմախոսների տներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG