Մատչելիության հղումներ

BBC-ն հաղորդում է պատրաստել խաղաղ կերպով իրենց գյուղերը փոխանակած հայերի ու ադրբեջանցիների մասին


Ադրբեջանական գյուղ, արխիվ
Ադրբեջանական գյուղ, արխիվ

Հունիսի 15-ը ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ նշանավորվում է մի շարք ուշագրավ փաստերով: 1988 թվականի հունիսի 15-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհուրդը բանաձև ընդունեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին միացնելու մասին: Այդ որոշումը, սակայն, չեղարկվեց ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից:

Հունիսի 15-ին Ադրեջանում նշում են «Փրկության օրը»: 1993 թվականի հունիսի 15-ին Հեյդար Ալիևն ընտրվեց Ադրբեջանի Գերագույն Խորհրդի նախագահ: Դրանից հետո, արդեն երկու տասնամյակ, հունիսի 15-ը այդ երկրում պաշտոնական տոն է, ոչ աշխատանքային օր:

Ղարաբաղյան պատերազմում հակամարտ կողմերը տասնյակ հազարավոր զոհեր են տվել, 100 հազարավոր մարդիկ փախստական են դարձել: BBC-ի ռուսական ծառայությունը վերոհիշյալ փաստերի առիթով ուշագրավ մի հաղորդում է պատրաստել հակամարտության ակտիվ փուլում երկու՝ Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական և Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական գյուղերի բնակիչների փոխհամաձայնեցված տեղափոխման մասին: Այդ գյուղերի հայ և ադրբեջանցի բնակիչները պայմանավորվել են «փոխանակել» գյուղերը՝ միմյանց խոստանալով պահպանել նախնիների գերեզմանները:

Ադրբեջանի կենտրոնական մասում գտնվող Քերքենջ գյուղում 30 տարի առաջ հայեր էին ապրում, իսկ Հայաստանի տարածքում գտնող Կըզըլ Շաֆագ (այժմ՝ Ձյունաշող) գյուղում՝ ադրբեջանցիներ: Նախկին Կըզըլ Շաֆագի սովխոզի այն ժամանակվա տնօրեն Բայրամ Ալազովը BBC-ին պատմել է, որ ամեն ինչ սկսվեց 1988-ի վերջերին․ իրենց հեռավոր գյուղում տեղեկացել են, որ Ադրբեջանից ու Հայաստանից հայերն ու ադրբեջանցիները փախչում են: Իրենք, սակայն, որոշել են մնալ և հաղթահարել դժվարությունները: Արտաքին աշխարհի հետ կապը պահել են ծանոթ հայերի միջոցով: Ավելի ուշ համոզվել են, որ մնալն անհնար է, և որոշել են ամբողջ գյուղով հեռանալ:

Ադրբեջանում գտնվող հայաբնակ Քերքենջ գյուղի մասին իմացել են Բաքվում եղած իրենց ծանոթների միջոցով: Չնայած դժվարություններին, քաոսին ու անվստահությանը, նրանք կարողացել են կապ հաստատել Ադրբեջանի հայաբնակ գյուղի բնակիչների հետ: Երկու գյուղերը նույնիսկ հանձնաժով են կազմել՝ միմյանց տները հաշվառելու, գնահատելու համար:

Ալազովը պատմել է, որ երկու կողմում էլ դժգոհություններ կային: Հայաստանի տարածքում գտնվող իրենց գյուղում 350 տուֆապատ, երկհարկանի տներ են եղել, ջեռուցմամբ, կոյուղիով, իսկ Ադրբեջանում գտնվող հայաբնակ գյուղում ընդամենը 150 տուն է եղել: Բայց այլընտրանք չկար, հարկադրված էին փոխանակել:

Նախկին Քերքենջի սովխոզի տնօրեն Իշխան Ծատուրյանը BBC-ին պատմել է, որ տեղափոխվելուց առաջ իրենց գյուղի բոլոր անասուններին ստիպված «ջրի գնով» վաճառել են: «Հինգ կովը ստիպված վաճառել եմ հազար ռուբլով, Դա չի կարելի ասել վաճառք, պարզապես ձրի տվել եմ»,- ասել է նա: Ծատուրյանն ասել է նաև, թե ադրբեջանցիների գործն ավելի հեշտ է եղել․ Վրաստանի տարածքում գտնվող հարևան գյուղը ադրբեջանաբնակ էր, և իրենց գյուղի անասուններին նրանք քշել էին այնտեղ:

Քերքենջի հայերը հինգ բեռնատար են ճարել, ադրբեջանցիների իրերը դրանցով բերել են իրենց գյուղ ու նույն բեռնատարներով իրենք տեղափոխվել են Հայաստան: Ճանապարհին խնդիրներ չեն ունեցել, բայց ճանապարհը երկար է եղել: Երկու գյուղերի միջև հեռավորությունը 400 կիլոմետր է: Ձյունաշողը Հայաստանի հյուսիսում է՝ Վրաստանի սահմանի մոտ, իսկ Քերքենջը Ադրբեջանի կենտրոնական շրջանում է գտնվում:

Ծատուրյանն ասել է, որ իրենց բեռնատար մեքենաների ադրբեջանական պետհամարանիշներն են փրկել: «Հսկիչ անցակետերում բացի ծառայողներից նաև առանց համազգեստի մարդիկ կային՝ թալանչիներ, եթե իմանային հայեր ենք՝ քարերով կհարձակվեին, որպեսզի մենք թողնենք իրերն ու փախչենք»,- պատմել է Ծատուրյանը:

Բայրամ Ալազովն էլ ասել է, թե մինչ այդ դեպքերը ոչ ոք չէր հավատում, որ խորհրդային իշխանությունը կխորտակվի՝ իրենց սովխոզն էլ մինչև վերջին պահը «կատարում էր պլանը»: Իշխան Ծատուրյանն էլ պնդել է, թե բոլորը կարծում էին, որ գյուղերը ժամանակավորապես են փոխանակում, և շուտով Մոսկվան «կարգ ու կանոն կհաստատի»:

Այժմ երկու գյուղում էլ քիչ բնակչություն կա: Շատերը տեղափոխվել են Երևան, Բաքու, կամ Ռուսաստան են մեկնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG