Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Պուտինի հետ ունենք լավ, բաց հարաբերություններ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Մոսկվա, 13-ը հունիսի, 2018թ․

«Վլադիմիր Պուտինի հետ մենք ունենք լավ հարաբերություններ, բաց հարաբերություններ, և այդպես է ստացվել հենց առաջին րոպեից», - հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Russia Today-ին տված հարցազրույցում:

«Կարող եմ ասել, որ մեր հարաբերություններում մութ անկյուններ չկան: Սա կարևոր է: Մենք ամեն ինչ ուղիղ ենք քննարկում: Ինչպես հասկանում եմ՝ Պուտինի համար շփման նման ձևը նորմալ է, անկեղծ ասած՝ ինձ համար էլ: Կարող եմ վստահ ասել, որ մեր հարաբերությունները շատ արագ և շատ կոնստրուկտիվ են զարգանում», - Ռուսաստանի նախագահի և իր հարաբերությունների մասին հարցին ի պատասխան նաև ասել է Հայաստանի վարչապետը:

Հարցազրույցում, ինչպես և Պուտինի հետ հանդիպմանը, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է:

«Այս պահին մեր երկու երկրների միջև չկան վիճահարույց հարցեր: Ռուսաստանն ու Հայաստանը ինքնիշխան պետություններ են: Կարծում եմ՝ շատ հարցերում մեր շահերը համընկնում են, սակայն կարող են լինել որոշ հարցեր, որտեղ մեր շահերը չհամընկնեն: Կարևորը մթնոլորտն է: Կարծում եմ՝ մենք կկարողանանք գալ ընդհանուր հայտարարի», - ասել է Փաշինյանը:

Մասնավորապես, անդրադառնալով Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնին, նա հարցազրույցում ասել է, թե քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ գազի բարձր գինը ներհայաստանյան խնդիր է, քանի որ գազը Հայաստանի սահման հասնում է ցածր գնով, իսկ արդեն հայաստանյան սպառողին հասնում է թանկ: «Մենք այդ խնդիրը պետք է հասկանանք, սա Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ կապ չունի», - ընդգծել է Փաշինյանը: Սակայն լրագրողի ճշտող հարցին, թե այսինքն՝ Հայաստանը չի՞ ուզում ավելի էժան գազ ստանալ Ռուսաստանից, վարչապետը արձագանքել է, որ իհարկե ուզում է, ու թեև հասկանում է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար բացառիկ է, այդուամենայնիվ, ակնկալում է, որ այն «ավելի բացառիկ կդառնա»։ «Քննարկելու ենք այս հարցը և, հուսով եմ, հաջողության ենք հասնելու», - ասել է նա։

Եղել են նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանում արդեն չկա կոռուպցիա, որ նախկին նախագահ ու վարչապետ Սերժ Սարգսյանի հետ որևէ շփում չունի՝ չնայած հարևաններ են:

Հայաստանի վարչապետը Russia Today-ին ասել է նաև, որ իր համոզմամբ՝ Հանրապետական կուսակցությունն այլևս երբեք չի վերադառնա իշխանության:

Հիշեցնենք, իր երկօրյա աշխատանքային այցը Մոսկվա և հանդիպումները Ռուսաստանի նախագահի ու վարչապետի հետ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ «չափազանց հաջող» է գնահատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG