Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը «չափազանց հաջող» է գնահատում այցը Մոսկվա


Ռուսաստան - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ժամանում են Կարմիր հրապարակ՝ ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված համերգին, 13-ը հունիսի, 2018թ․
Ռուսաստան - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը ժամանում են Կարմիր հրապարակ՝ ներկա լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված համերգին, 13-ը հունիսի, 2018թ․

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «չափազանց հաջող» է գնահատում Մոսկվա կատարած այցը: Այդ մասին նա հայտարարեց հինգշաբթի ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Ընդհանուր առմամբ, ասեմ, որ այցը չափազանց հաջող եմ գնահատում և կարող եմ ասել, որ, ըստ էության, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա զարգացման համար ոչ մի խոչընդոտ չկա, ոչ մի քաղաքական խոչընդոտ չկա, և մնում է ընդամենը այդ պոտենցիալը իրացնել և հարաբերությունների զարգացման վրա աշխատել», - ասաց Փաշինյանը: Դա, ըստ նրա, վերաբերում է նաև առևտրատնտեսական հարաբերություններին:

«Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կարևոր են, և մենք անպայման այդ հարաբերություններին մեծ ուշադրությամբ կվերաբերվենք: Մենք մեծ ուշադրությամբ կվերաբերվենք նաև մեր հարաբերություններին Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, Վրաստանի, Իրանի և ընդհանրապես մեր գործընկեր բոլոր երկրների հետ և կազմակերպությունների, վերպետական միավորումների հետ մեր գործընկերությունը կզարգացնենք», - հայտարարեց վարչապետը:

Նա հայտնեց նաև, որ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը հաջորդած Ռուսաստան - Սաուդյան Արաբիա խաղից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոքր ընդունելություն էր կազմակերպել ԱՊՀ երկրների ղեկավարների ֆորմատով, որին ներկա էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ - «Եվ Ռուսաստանի Դաշնության նախագահը մեզ ծանոթացրեց, և տեղի ունեցավ ահա այդպիսի ծանոթացման արարողություն, եթե կարելի է դա այդպես անվանել, մենք ծանոթացանք պարզապես: Եվ դա նույնպես տեղեկատվություն է, որ կարծում եմ՝ դուք պետք է այդ մասին իմանաք: Որևէ ուրիշ խոսակցություն տեղի չունեցավ, որևէ քննարկում, որևէ բովանդակային այդպիսի խոսակցություն և շփում տեղի չունեցավ»:

«Ընդհանուր առմամբ, ասեմ, որ շատ գոհ եմ այցի արդյունքներից: Առաջիկայում, իհարկե, պատրաստվում է նաև իմ այցը Բրյուսել՝ Եվրամիություն, Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներ կլինեն, և նաև Բրյուսելում այլ միջոցառումների նույնպես, ամենայն հավանականությամբ, կմասնակցեմ: Առաջիկայում այլ այցեր նույնպես կլինեն, մենք շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պիտի վարենք: Իհարկե, արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր, այսպես ասած՝ ռևերսներ չեն լինի, ինչպես արդեն ասել եմ», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, Մոսկվա էր մեկնել հունիսի 13-ին: Երկօրյա այցի շրջանակում կայացել են հանդիպումներ, մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայաստանի վարչապետը և նրա տիկինը Ռուսաստանի մայրաքաղաքում մասնակցել են ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը, այլ հանդիսությունների:

Սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Ռուսաստան՝ մեկ ամիս առաջ նա մեկնել էր Սոչի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG