Մատչելիության հղումներ

Շարժական արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի կիրառմանը դեմ արտահայտված Կառավարությունը, այդուհանդերձ, այսօր մերժեց ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների առաջարկը դրանք վերացնելու վերաբերյալ։

Հարցի քննարկումը բավական թեժ բանավեճի վերածվեց: Մոտ 30 րոպե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության մյուս անդամները քննադատում էին վարորդներին պարբերաբար տուգանելու գործելաոճը։

Ամեն ինչ սկսվեց ոստիկապետի զեկույցից: Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ համաձայն չէ շարժական արագաչափերը և տեսանկարահանող սարքերը վերացնելու հանրապետականների առաջարկին, քանի որ դրանցով հայտնաբերվում են իրավախախտումներ:

Փաշինյանին, սակայն, բարկացրին Օսիպյանի բերած փաստարկները․ - «Երթևեկության անվտանգության խնդիրը եկեք լուծենք այլ ճանապարհով: Ճանապարհների որակով լուծեք երթևեկության անվտանգության խնդիրը: Որ մարդը ստիպված չլինի ճանապարհի կենտրոնում անդունդի հանդիպի, որ պտտի, թռնի ձորը․․․ Ճանապարհային նշանները ինչ վիճակում են մեր երկրում: Փողոցում տեսնում ես յոթ ձևի գծանշում կա: Մարդը չգիտի որ գծանշմանը հետևի»:

ԱԺ Հանրապետական խմբակցության չորս պատգամավորներ առաջարկում էին արգելել ոստիկանական մեքենաներում առկա տեսանկարահանող սարքերով իրավախախտում արձանագրել՝ պատճառաբանելով, թե վարորդները տեղյակ չեն լինում, որ տվյալ ճանապարհահատվածում ոստիկանությունը նման ծառայություն է իրականացնում։

Վալերի Օսիպյանն առաջարկեց սարքերը վերացնելու փոխարեն լրացուցիչ նշաններ տեղադրել: Ոստիկանապետի խոսքով, մի շարք խախտումների համար տուգանքները վերացնելու մասին իրենց հայտարարությունից հետո, որոշ վարորդների մոտ անպատժելության զգացողություն է առաջացել:

Վարչապետը հակադարձեց․ - «Հայաստանի Հանրապետությունը նաև միջազգային չափանիշներով ոստիկանության ծառայողների ահռելի մեծ թիվ ունի: Էդքան ոստիկանների գոյության պայմաններում ինչ ա նշանակում անպատժելիության մթնոլորտ: Չպետք ա լինի էդպիսի բան»:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որպես լուծում առաջարկեց շարժական արագաչափերով համալրված մեքենաների վրա լրացուցիչ փարոսիկներ տեղադրել:

Առաջարկը կրկին դրական չընդունվեց վարչապետի կողմից․ - «Հիմա էդ տեսախցիկներից ու արագաչափերից չպրծած՝ փողոցները ուզում ենք մեքենաներ լցնենք: Ասում ենք՝ ոչինչ, լավ փարոսիկ կդնենք, մի հատ էլ մեծ կգրենք վրան: Փարոսիկ դնենք, որ մարդը տեսնի․․․ ժպտացեք, ձեզ տուգանում են: Չի՛ լինելու էդ բանը»:

Չնայած հնչած քննադատությանը, Կառավարությունը միաձայն կողմ քվեարկեց Ոստիկանապետի առաջարկությանը և մերժեց ՀՀԿ պատգամավորների նախագիծը։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց խորհրդարանական ուժերի հետ համագործակցելով, սեղմ ժամկետում արմատական փոփոխությունների նախագիծ պատրաստել։ Վարչապետն ու գործադիրի մյուս անդամները ընդգծեցին, որ կառավարության գերխինդիրը պետք է լինի ոչ թե պատժելը, այլ կանխարգելելը:

«Պետք է նոր ժամանակներում նոր տրամաբանությամբ լուծել խնդիրը և ոչ թե հինը «ծյունինգ» անել, ասել՝ վայ, նախկինում փարոսիկ չկար․ հիմա մենք փարոսիկ ենք դնում: Չի՛ լինելու էդպիսի բան», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ հետևյալ կերպ ա պետք շարժվել էս հարցով․ նախազգուշացման պրակտիկան ներդնել, տարբերակել մարդկանց, ովքեր որ լպիրշություն են ցուցաբերում: Մեկ, երկու, երրորդը՝ արդեն լուրջ տուգանք», - նշեց վարչապետի վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Ես հասկանում եմ, որ մեր էս ներքին քննարկումները դժվար արդյունավետ որևէ լուծման բերեն: Ես կարծում եմ, շատ լավ օրինակներ կան միջազգային փորձում, և այդ փորձը պետք է ուսումնասիրել», - հավելեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Պահանջում եմ և հրահանգում եմ և հրամայում եմ չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթները և հնարավորությունները», - ասաց վարչապետը:

Ի դեպ, Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էր նաև երեք օր առաջ հրաժարականի մասին հայտարարած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։ Նիկոլ Փաշինյանը նրա հրաժարականին առայժմ չի անդրադարձել: Լռությունը պահպանվեց նաև այսօրվա նիստին:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Փաշինյանը առայժմ չի ստորագրել դիմումը։

Իր հրաժարականի մասին չխոսեց նաև Թանդիլյանը: Այսօրվա նիստին նա նույնպես ակտիվ մասնակցում էր քննարկումներին:

XS
SM
MD
LG