Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել


Արագաչափ Երևանի փողոցներից մեկում, արխիվ

Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել, հաղորդում է Հայաստանի ոստիկանությունը:

«Վերջին օրերի որոշ հայտարարությունների թյուրըմբռնման պատճառով, հանրության մեջ կարծիք է ձևավորվել, թե հանրապետության ճանապարհների արագաչափ և տեսանկարահանող սարքերը չեն գործում ու չեն արձանագրում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները: Տեղեկացնում ենք, որ արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել», - ասված է ոստիկանության այսօրվա հաղորդագրությունում:

Միաժամանակ, ոստիկանությունը պարզաբանում է, որ «վարչապետի հանձնարարականի համաձայն` ոստիկանությունում մշակվում են համալիր միջոցառումներ` ոլորտում էական փոփոխություններ կատարելու ուղղությամբ, որոնք ՀՀ արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելուց հետո կարճ ժամկետում կներկայացվեն հանրությանը»:

Ոստիկանությունը երթևեկության մասնակիցներին կոչ է անում խստորեն պահպանել երթևեկության կանոնները. - «Դա օրենքի պահանջն է և բոլորիս անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում»:

Հիշեցնենք, կառավարության մայիսի 17-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է քննարկել վարորդների շրջանում մեծ դժգոհություն առաջացրած արագաչափերի և խաչմերուկները նկարահանող սարքերի գործունեությունը թեկուզ ժամանակավորապես կասեցնելու տարբերակը:

«Հսկայական տույժ-տուգանքներ կան կուտակված, և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել կամ կասեցնել», - ասաց Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG