Մատչելիության հղումներ

«Դիլիջան» ազգային պարկում չարաշահումների փաստով քրգործ է հարուցվել․ ՔԿ


Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ-առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված 2 հազար 900 լիտր բենզինը յուրացնելու դեպքի բոլոր հանգամանքները։

«Նախնական տվյալներով՝ չարաշահումներն արձանագրվել են 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում. «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Աբրահամյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, յուրացրել է ազգային պարկի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների համար նախատեսված բենզինը՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս: Մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին տրամադրված բենզինի և դիզվառելիքի դուրս գրման փաստաթղթերում ձևական թվեր են նշվել՝ վառելիքը աշխատակիցներին տրամադրելու վերաբերյալ, որի միջոցով քողարկվել է տնօրենի կողմից գերծախսված բենզինը և նախորդ ամիսների կուտակված պարտքերը», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ երեկ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի («Գողությունը») 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, որով նախաքննությունը կատարվում է Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG